Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«168 ժամ»-ի տեղեկություններով, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է՝ ընդգրկվելով Հայաստանի ժողովրդական կուսակցության համասնական ցուցակում, ուր զբաղեցնելու է երկրորդ հորիզոնականը: Չի բացառվում, որ նույն ցուցակում ընդգրկվի նաեւ «Ազգային վերածնունդ»-ի վարչության անդամ Վաղարշակ Հարությունյանը, բայց ոչ առաջին տասնյակում:

«Ժամանակ Երեւան»-ի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ՝ նախագահի ապարատում խիստ դժգոհ են Հայաստանում գործող ամերիկյան «Ազգային ժողովրդավարության ինստիտուտ»-ի (NDI) գործունեությունից: «Բանն այն է, որ իր գործունեության վերջին շրջանում NDI-ն սկսել է աշխուժորեն համագործակցել հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունների եւ ուժերի հետ, ինչն էլ խիստ նյարդայնացրել է ՀՀ իշխանություններին», - գրում է թերթը: Ըստ «Ժամանակ Երեւան»-ի, դա է պատճառը, որ հունվարի վերջին NDI-ի գործադիր տնօրենը Հայաստան կատարած այցելության շրջանակներում փորձել է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչի համար ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն, սակայն երբ այցելել է նախագահի նստավայր, «նրան երկար սպասեցնելուց հետո հայտնել են, որ Ռոբերտ Քոչարյանի փոխարեն պետք է հանդիպի վերջինիս աշխատակազմի ղեկավարի` Արմեն Գեւորգյանի հետ»:

«Ընդդիմության վերջին ճիգերը» վերնագրի ներքո «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Ընդդիմությունը միավորման վերջին ճիգերն է գործադրում: Եվ ենթադրվում է, որ այսօր օրվա երկրորդ կեսին ընդդիմադիր բոլոր ուժերն արդեն պաշտոնապես կհայտարարեն` միավորվո՞ւմ են` ապօրինի վարչախմբին հեռացնելու համար, թե՞ ընտրությունների են գնում առանձին-առանձին եւ, ըստ էության, փոշիանում»: Ըստ թերթի, անցած շաբաթ, կիրակի օրերին ընդդիմադիր կուսակցությունները շարունակել են բանակցությունները, դրանք ընթացել են նաեւ երկուշաբթի օրը՝ մինչեւ ուշ երեկո:

Հոռետեսորեն գնահատելով Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում ընդդիմության միավորվելու եւ միասնական ընտրացուցակով հանդես գալու հավանականությունը` «Հայկական ժամանակ»-ի վերլուծաբանն այսօր շեշտադրել է. - «Եթե կոնսենսուսն իսկապես տեղի չունենա, մնում է ենթադրել միայն երկու բան. կա՛մ ընդդիմադիր խոշոր ուժերն արդեն համաձայնության են եկել իշխանությունների հետ, որ մի քանի մանդատ են ստանալու ապագա խորհրդարանում, կա՛մ ընդդիմադիր կուսակցությունների լիդերները պարզապես չեն կարողանում հաղթահարել իրենց ամբիցիաները»։

Ընդդիմության չմիավորվելու պատճառներին անդրադառնալով`«Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը, իր հերթին, փաստարկել է. - «Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները իրենց հիանալի հաշիվ են տալիս, որ ընդդիմադիր այն առաջնորդը, որը խորհրդարանական ընտրություններում ամենաշատ թվով ձայներ կհավաքի, հնարավորություն կստանա հավակնել նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուի դերին»։ «Չնայած դրան», - ըստ թերթի, - «առողջ տրամաբանությանը հակառակ, արմատականները կվստահեցնեն, որ հենց իշխանություններն են իրենց խանգարել միավորվել, որ իրենց դավաճանել են, եւ այլն, եւ այլն»։

«Ժամանակ-Երեւան» թերթն այսօր փոխանցել է, թե «ընդդիմադիր դաշտին չմիանալու դիմաց Ռոբերտ Քոչարյանը Ստեփան Դեմիրճյանին Հայաստան բենզին ներկրելու որոշակի քվոտա է տրամադրել»։ «Իհարկե, բենզինի ներմուծմամբ զբաղվելու է ոչ թե անձամբ Ստեփան Դեմիրճյանը, այլ նրա մտերիմ Փայլակ Ուռուսլյանը, որը բենզինի ներմուծման հնարավորություն էր ստացել նաեւ Կարեն Դեմիրճյանի Ազգային ժողովի նախագահ եղած ժամանակ», - գրել է թերթն ու հավելել. - «Կարծում ենք, այս քայլը լուրջ խթան կհանդիսանա բենզինի շուկայում հաստատված մենաշնորհների վերացման համար, կխթանի այս ապրանքի գների իջեցումը, ինչից առաջին հերթին կշահի ժողովուրդը»։

Անդրադառնալով ընդդիմության նախընտրական վարքագծին` Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում նկատել է. - «Տարօրինակ եմ համարում, որ հիմա էլ ընդդիմադիր որոշ քաղաքական ուժեր են ասում, թե նախընտրական պայքարի քարոզչության համար անհրաժեշտ 30 հազար դոլարը չունեն։ Էդ ի՞նչ ասելու բան է: Բարձրահարկ օֆիսների համար գումարներ ունեն, բայց քաղաքական պայքարի համար, պարզվում է, փող չկա։ Թող մի հարկ պակաս շենք կառուցեն, բայց լիարժեք քաղաքական գործունեություն ծավալեն, մանավանդ որ անսահման հավակնություններ ունեն»։

Արձանագրելով նախկին օրինացերկրական չորս պատգամավորների՝ Ժողովրդական կուսակցության ընտրացուցակում ընդգրկվելու փաստը, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիրն այսօր գնահատել է. - «Շատ հնարավոր է, որ Կովալի Սամվելը, «Սաս»-ի Արտակը, քաղաքաշինության նախկին նախարար Արա Արամյանը եւ Գագիկ Մխեյանը մանկուց սիրել են գյուղական ինքնագործունեություն եւ հայրենասիրական ասմունք, հենց այդ պատճառով էլ նետվեցին Կարապետիչի գիրկը եւ հիմա ԱԼՄ հոլդինգի ղեկավարի հետ պարզապես պարտավոր են Սեւան տանել անապահով խավերին, այնտեղ խորոված հյուրասիրել եւ դառնալ այդ ամենի մասին մանրամասն պատմող ռեպորտաժների հերոսները»։ «Բնականաբար, նախկին ՕԵԿ-ականներն այնքան էլ միամիտ մարդիկ չեն», - որակել է խմբագրականն ու հավելել. - «2003 թվականի ընտրություններից առաջ նրանք այս կամ այն պատճառով չկարողացան ընդգրկվել ՀՀԿ-ի ցուցակում: Եվ այդ ժամանակ նրանց «վերեւից» ասացին՝ «Գնացե՛ք «Օրինաց երկիր»՝ դա էլ է անցնելու ԱԺ», եւ այդ գերսկզբունքային «քաղաքական գործիչները» խորհրդարան մտան ՕԵԿ-ի «շոգեքարշով»: Հիմա նորից նրանց բախտը չժպտաց՝ ՀՀԿ-ում եւ ԲՀԿ-ում տեղերը արդեն բաշխված են, ուստի «երկրի շեֆերը» այդ մարդկանց ուղարկեցին Ժողովրդական կուսակցություն»:

Պնդելով, որ 2006 թվականին հարկային ստվերը ոչ թե նվազել, այլ ավելացել է` «Ազգ» թերթի մեկնաբանն այսօր նկատել է. - «Բնական է, որ հարկային պետական ծառայությունը տիրապետում է ավելի լիարժեք տեղեկատվության եւ ցանկության կամ բարձրագույն իշխանության թույլտվությունն ունենալու դեպքում կարող է հարկել չնչին հարկեր վճարող, բայց խոշոր գործարարներ կամ օլիգարխներ համարվողներին»: «Ինչպես է պատահում, որ որոշ խոշոր գործարարներ, օրինակ՝ Բարսեղ Բեգլարյանը, Հրանտ Վարդանյանը կամ Խաչատուր Սուքիասյանը, տարեկան վճարում են 9-10 մլրդ դրամի հարկ, իսկ, ասենք, Սամվել Ալեքսանյանը այդ գումարից կրկնակի քիչ՝ մոտ 5 մլրդ դրամ, չնայած ունեցած բիզնեսների քանակով, շրջանառությամբ էապես գերազանցում է վերոնշյալներին», - բաղդատել է մեկնաբանն ու հավելել. - «Միխայիլ Բաղդասարովի վճարած հարկերը 2,5 մլրդ դրամ են կազմում: Իսկ ամենախոշոր օլիգարխը համարվող Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների վճարած հարկերի հավաքական գումարը ընդամենը 1 մլրդ դրամից փոքր-ինչ ավելի է կազմում: Միայն վերջին երեքին քիչ թե շատ լիարժեք հարկման դաշտ բերելու դեպքում պետբյուջեն հավելյալ 15-20 մլրդ դրամ կստանա»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG