Մատչելիության հղումներ

Ալեքսան Հարությունյան. «Հանրայինի եթերում չի լինի սեւ PR»


«Հանրայինի եթերում չի լինի սեւ PR, չի լինի որեւէ քաղաքական ուժի նկատմամբ վատ վերաբերմունք», - նկատի ունենալով նախընտրական շրջանը` երկուշաբթի օրը հայտարարեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:

«Ոչ միայն հիմնական քաղաքական ուժերը` անկախ նրանից իշխանություն են, թե ընդդիմություն, կունենան հավասար ժամանակ ե’ւ լուրերով, ե’ւ այլ հաղորդումներով, այլ նաեւ` նրանց նկատմամբ վերաբերմունքը եւս կլինի հավասար: Այսինքն` չեզոք կամ դրական», - շարունակեց Հարությունյանը:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի փետրվարի 16-ի որոշմանը, որով սահմանափակվեց Ազգային ժողովի աշխատանքները Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակելու հնարավորությունը, Ալեքսան Հարությունյանը ասաց, որ դա անհրաժեշտ էր, առաջին հերթին, Եվրոպական հեռարձակողների միությունում այլեւս խնդիրներ չունենալու համար:

«Մինչ այդ ունեինք լուրջ խնդիրներ», - պարզաբանեց նա: - «Չէի ասի` ճնշումներ, բայց, փաստորեն, երբ դարձանք այդ կազմակերպության անդամ, մեզ վրա ինչ-որ պարտավորություններ կային եւ դրանցից ամենակարեւորներից մեկն այն էր, թե արդյո՞ք մենք ունենք խմբագրական ազատություն եւ մենք ենք որոշում մեր ցանցը եւ այլն»:

Թեեւ, նրա խոսքերով, մինչեւ առաջիկա ընտրությունները խորհրդարանի աշխատանքների հեռարձակումը էական փոփոխության չի ենթարկվի. ռադիոն սովորականի պես կհեռարձակի նիստերը, «Խորհրդարանական շաբաթ»-ը եւս կշարունակի հեռարձակվել, միայն ժամը կփոխվի: Բայց հայտարարությունները եւ կառավարության հետ Ազգային ժողովի խումբ-խմբակցությունների հարց ու պատասխանները կհեռարձակվեն արդեն ոչ թե 2-3 ժամ եւ ամբողջությամբ, այլ` կրճատումներով:

«Որեւէ խմբակցություն չի մնա, որ իր հայտարարությունը մեր հաղորդումներից դուրս մնա», - վստահեցրեց նա:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք դա չի նշանակում, որ ընդդիմադիր պատգամավորների սուր խոսքը, բանավեճերը կարող են կրճատվել, գրաքննվել եւ հանվել եթերից, Հարությունյանը պատասխանեց. - «Խմբագրական նման միջամտություն չի լինելու, լինելու է խմբագրական միջամտություն, բայց` ոչ աղավաղելու եւ սուր մտքերը կրճատելու»:

Պատասխանելով Հանրային հեռուստաընկերության եթերում քաղաքական գովազդի համար սահմանված սակագներին վերաբերող հարցին` Ալեքսան Հարությունյանը կրկին հայտարարեց, որ սակագները նախորդ ընտրաշրջանի համեմատությամբ մեծ փոփոխություն չեն կրել:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG