Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան. «Իմփիչմենտի պետք է ենթարկել մեր ամբողջ իշխանաձեւը»


Հայաստանի առաջին արտգործնախարար, ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայն է «իմփիչմենտ»-ի միասնական ցուցակով առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու` «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի առաջարկին:

«Այո` եւ ոչ միայն», - ուրբաթ օրը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հովհաննիսյանը` շարունակելով. - «Իմփիչմենտի պետք է ենթարկել մեր վերջին շրջանի իշխանաձեւը: Իմփիչմենտի պետք է ենթարկել այդ իշխանակարգը, որ չի կարող պաշտպանել իր քաղաքացիների իրավունքը, մամուլի ազատությունը, քաղաքացու սեփականության իրավունքը»:

«Ինփիչմենտի պետք է ենթարկել մեր անվտանգության ծառայությունների այն շերտերը, ովքեր ազգային անվտանգությունը թողած` կամ բիզնես են անում, կամ հետապնդում են սեփական քաղաքացիներին, վախեցնում, ահաբեկում: Փոխանակ ապահովեն անվտանգությունը», - հայտարարեց «ժառանգություն» կուսակցության առաջնորդը:

Ընդդիմության` միասնական ուժերով խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն ուղղված բանակցությունների կապակցությամբ Հովհաննիսյանը ասաց. - «Եղել են ամենատարբեր դժվարությունները` միջանձնայինից մինչեւ գաղափարական, կազմակերպչական, նյութական դժվարությունները: Եվ, իհարկե, այն, ինչը բնական է, միգուցե, քաղաքական դաշտում, որ յուրաքանչյուրի շրջապատը, կուսակցությունը ուզում է, որ իր լիդերը դառնա համընդհանուր: Բայց հոգեբանական խնդիրն է նաեւ, որ պետք է հաղթահարվի»:

Հարցին, թե կարեւորություն տալի՞ս է նրան, թե ընդդիմության հնարավոր միասնական ցուցակում որ տեղում կլինի իր անունը, Հովհաննիսյանը արձագանքեց. - «Ես կարիերիստ չեմ: Իմ սկզբունքի համար ես կարող եմ հրաժարական տալ: Ինձ մոտ ցուցակի հարց կամ հերթականության խնդիր չկա: Սոսկ արդյունավետության եւ իրական այլընտրանք ներկայացնելու խնդիր կա»:

Րաֆֆի Հովհաննիսյանը, այդուամենայնիվ, հարգում է իր գործըկերների որոշումները` «եթե որոշեն առաձին գնալ [ընտրությունների]. - «Իրենք քաղաքական գործիչներ են, հասուն, չափահաս մարդիկ են: Ինձանից ավելի շատ փորձառություն ունեն այս ասպարեզում»:

«Ես ուղղակի կարծում եմ, որ սխալ է [ընտրություններին առանձին գնալը]` Հայաստանի իրական վիճակից ելնելով: Մարտավարական, գաղափարական եւ քաղաքացիական մեծ սխալ է», - ասաց «ժառանգություն» կուսակցության առաջնորդը: - «Եվ ես իմ լուման պիտի բերեմ, որ կայանա այդ ավելի մեծ լուծումը»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին,` Րաֆֆի Հովհաննիսյանը չբացառեց, որ իր թեկնածությունը կարող է առաջադրել մեծամասնական ընտրակարգով:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG