Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը քաղաքական կամք է ակնկալում Հայաստանի իշխանություններից եւ կուսակցություններից


ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հայաստանյան իշխանություններից եւ քաղաքական բոլոր ուժերից ակնկալում է մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական եղանակով անցկացնելու համար անհրաժեշտ քաղաքական կամք:

«Հուսով ենք, որ նրանք արդյունավետ կօգտագործեն վերջերս փոփոխված ընտրական օրենսդրությունը: Դա կպահանջի քաղաքական կամք, ընդ որում՝ բոլոր ուժերից», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի խոսնակ Ուրդուր Գունարսդոտիրը:

Ըստ նրա, ընտրություններին հետեւելու նպատակով ԵԱՀԿ-ի երկարաժամկետ դիտորդական առաքելության առաջին խումբը Հայաստան կժամանի մարտի կեսերին:

«Առայժմ հստակեցված չէ՝ ով է ղեկավարելու դիտորդական առաքելությունը, սակայն մենք հուսով ենք, որ առաջին դիտորդները Հայաստանում կլինեն մարտի կեսերին: Դրանից մեկ շաբաթ հետո կսկսեն ժամանել մյուս դիտորդները, եւ մինչեւ մարտի վերջը մենք կունենանք ամբողջությամբ համալրված երկարաժամկետ դիտորդական առաքելություն», - ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի խոսնակը:

Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու՝ Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական հրավերը ուրբաթ օրը փոխանցվել է ԵԱՀԿ-ին:

Ուրդուր Գունարսդոտիրի խոսքերով, Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը Հայաստան կգործուղի ընտրությունների գծով 10-15 փորձագետ, երկաժամկետ դիտորդական առաքելության կազմում կընդգրկվեն նաեւ 24 դիտորդներ՝ ԵԱՀԿ-ի անդամ պետություններից: Իսկ ընտրությունների օրը ընտրական գործընթացին կհետեւեն 300 կարճաժամկետ դիտորդներ:

«Այսպիսով, մենք հուսով ենք, որ Հայաստան կժամանեն 35-40 երկարաժամկետ եւ 300 կարճաժամկետ դիտորդներ», - ասաց Ուրդուր Գունարսդոտիրը՝ հավելելով. - «Այս ընտրությունները կարեւորում ենք նույնքան, որքան ցանկացած այլ ընտրություններ: Մենք կարծում ենք, որ ցանկացած ընտրություններ կարեւոր են, չենք ասում՝ մեկը ավելի կարեւոր է, քան մյուսը. դրանք բոլորն էլ հույժ կարեւոր են»:

Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի՝ Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ օրերս հրապարակած զեկույցում, մասնավորապես, ասված էր. - «Կառավարամետ «Բարգավաճ Հայաստան» նորաստեղծ կուսակցությունը, որը գործում է 2006 թվականի մարտից, կուսակցական լայն ցանց է հաստատել բոլոր շրջաններում, ըստ հաղորդումների՝ ավելի քան 500 գրասենյակներով եւ 370 հազար անդամներով: Այն ներգրավվել է բարեգործական գործունեության մեջ երկրով մեկ, ինչը քննադատվում է որպես վաղաժամ ընտրարշավ եւ ընտրակաշառք»:

Մեր հարցին՝ արդյոք զեկույցում տեղ գտած փաստերը կարելի՞ է դիտարկել որպես Ընտրական օրենսգրքի խախտում, կազմակերպության խոսնակը պատասխանեց. - «Վաղաժամ է հիմա այդ մասին խոսելը: Զեկույցում մենք հիմնականում արտացոլել ենք այն, ինչ լսել ենք Հայաստանում մեր հանդիպումների ժամանակ: Մենք ժամանակ եւ հնարավորություն չունեինք ստուգելու ստացված տեղեկատվությունը, այդ պատճառով էլ դիտորդական առաքելություն ենք ուղարկում Հայաստան՝ ծանոթանալու փաստերին: Եվ քանի դեռ դա տեղի չի ունեցել, ես չէի ցանկանա ենթադրություններ անել՝ արդյոք զեկույցում պարունակվող որեւէ հարց կամ դրույթ համապատասխանո՞ւմ է օրենքին, թե՞ ոչ: Մենք պետք է հնարավորություն ունենանք ստուգել բոլոր այդ հարցերը»:

Լրատվամիջոցների մատչելիության առնչությամբ կազմակերպությունն ընդգծում է, որ «չնայած հանրային եւ մասնավոր լրատվամիջոցների մատչելիությունը պաշտոնական քարոզարշավի ընթացքում երաշխավորված է օրենքով, ընդդիմությունը, այնուհանդերձ, պնդում է, որ քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ լրատվամիջոցների մատչելիությունը շատ սահմանափակ է»:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի ԵԱՀԿ-ի՝ ընտրություններով զբաղվող կառույցը Հայաստանի էլեկտրոնային լրատվամիջոցներից, եւ արդյոք դրանք կկարողանա՞ն ապահովել բոլոր կուսակցությունների անկողմնակալ եւ հավասար լուսաբանումը քարոզարշավի ընթացքում, հատկապես հաշվի առնելով այս անգամ քաղաքական գովազդի աննախադեպ բարձր գները, Ուրդուր Գունարսդոտիրը պատասխանեց, թե իրենք տեղյակ են գովազդի գնի հետ կապված խնդրին, սակայն միայն դա չէ, որ իրենց անհանգստացնում է: Հիմնական խնդիրը, ըստ նրա, անվճար եթերաժամն ու լրատվական թողարկումներում թեկնածուների կամ կուսակցությունների լուսաբանումն է: Հենց այս հարցերին է հատուկ ուշադրություն դարձվելու մարտի երկրորդ կեսին մեկնարկող հայկական լրատվամիջոցների մոնիթորինգի ընթացքում, որում, ըստ նրա, ներգրավվելու են միայն արտասահմանցի փորձագետներ:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG