Մատչելիության հղումներ

Շտայնմայերը հույս է հայտնում, որ ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի այս տարի


Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ով տարածաշրջանային այցի շրջանակներում երեկ Երեւանում հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետի եւ արտգործնախարարի հետ, հույս է հայտնել, որ կողմերը այս տարի կգտնեն ղարաբաղյան հակամարտության լուծումը` վերջին ամիսներին մշակված փաստաթղթի հիման վրա:

«[Դա] երկարաժամկետ խաղաղության երաշխիք կտա», - Հայաստանի արտգործնախարարի հետ բանակցությունների ավարտին համատեղ մամուլի ասուլիսում ասաց Շտայնմայերը: - «Մինսկի խմբի շրջանակներում անցկացվող բանակցությունները կարող են որոշակի արդյունք տալ, երբ կողմերը պատրաստակամ լինեն մեկ ընդհանուր լուծման հանգելու»:

Ի պատասխան գերմանացի լրագրողի հարցին, թե կիսո՞ւմ է արդյոք իր պաշտոնակցի լավատեսությունը, Վարդան Օսկանյանը ասաց. - «Չեմ բացառում: Ուղղակի զգուշավոր լավատեսություն է մեր մոտ, հատկապես իմ մոտ: Համենայն դեպս, այսօր սեղանի վրա եղած փաստաթուղթը այդ հույսը ներշնչում է, սկզբունքների առումով, իսկապես, այդ զգուշավոր լավատեսությունը մեզ տալիս է: Եվ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո, ես կարծում եմ, որ այդտեղ ինչ-որ պատուհան լինելու է: Եվ եթե փոխադարձաբար բոլոր կողմերը պետք եկած քաղաքական կամքը դրսեւորեն, հատկապես ադրբեջանական կողմը, հնարավոր է իսկապես լուրջ տեղաշարժեր արձանագրել այս տարվա ընթացքում»:

«Ազատություն» ռադիոկայանի` խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցին ի պատասխան Գերմանիայի արտգործնախարարը հույս հայտնեց, որ դրանք կանցնեն ժողովրդավարության չափանիշներին ու սկզբունքներին համապատասխան:

ԵԱՀԿ-ի ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը հունվարի 30-ից փետրվարի 2-ի ժամանակահատվածում արդեն որոշ բացասական երեւույթներ գրանցել է: Վարդան Օսկանյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ երաշխիքներ կարող է տալ իշխանությունը, որ առաջիկա ընտրությունները կանցնեն ժողովրդավարական չափանիշներով, ասաց. - «Երաշխիքը կարող է լինել միայն ու միայն իշխանությունների եւ բոլոր քաղաքական ուժերի նվիրումը` անցկացնելու ազատ եւ արդար ընտրություններ, ինչպես նաեւ` նրանց անզիջում, ես սա պնդում եմ` անզիջում փոխադարձաբար իրար վերահսկելը հատկապես ընտրության օրը»:

Հայաստանի վարչապետի եւ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպմանը քննարկվել են երկկողմ առեւտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր: Ինչպես հաղորդում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, Անդրանիկ Մարգարյանը գոհունակությամբ նշել է վերջին տարիներին Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման փաստը: Նա ընդգծել է, որ Գերմանիան ներկայումս ԱՄՆ-ից հետո երկրորդ խոշոր դոնոր երկիրն է Հայաստանում:

Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG