Մատչելիության հղումներ

«Ոսկե ծիրան»-ը կհամագործակցի Ռոտերդամի եւ Պուսանի միջազգային կինոփառատոնների հետ


«Ոսկե ծիրան»-ի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, համաձայնագիրը շատ կարեւոր իրադարձություն էր իրենց համար:

«Այս համագործակցությունը էապես կնպաստի հայկական կինոյի զարգացմանը, քանի որ միջազգային այդպիսի հեղինակավոր փառատոններին մասնակցելով ոչ միայն ճանաչված կդառնանք, այլ նմանատիպ համագործակցության առաջարկներ կստանանք: Ռոտերդամում բացվել է նաեւ հայկական ֆիլմերի ֆինանսավորման բաժին, որն իր տեսակի մեջ առաջինն է», - ասաց Խաչատրյանը:

Փետրվարի 8-ից 18-ը տեղի ունեցած Բեռլինի 57-րդ միջազգային կինոփառատոնում հայկական թեման ներկայացված էր 2 ֆիլմերով: Կանադահայ ռեժիսոր Կարինե Թորոսյանի «Ժամանակ, քար, հպում» ֆիլմը Բեռլինի փառատոնի «Ֆորում» մրցութային ծրագրի մեջ էր ընդգրկված: Ֆիլմի պրեմիերան կայացավ փետրվարի 9-ին: Հարություն Խաչատրյանը փաստում է, որ այն բազմազգ հանդիսատեսի կողմից մեծ հետաքրքությամբ ընդունվեց:

Հաջորդը Տավիանի եղբայրների «Արտույտի ագարակը» ֆիլմն էր: Բանախոսների հավաստմամբ, ֆիլմի նկատմամբ հետաքրքությունը մեծ էր: Պրեմիերայի օրը ձեռնարկվել էին անվտանգության միջոցներ, քանի որ Բեռլինում մեծաթիվ թուրքական համայնք կա:

«Ցուցադրումները հայկական հարցի շուրջ բուռն քննարկումների ալիք բարձրացրեցին գերմանական, եվրոպական, ինչպես նաեւ թուրքական լրատվամիջոցներում», - ասաց «Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը: - «Տավիանի եղբայրները հրաժարվեցին իրենց ֆիլմը Կաննում ներկայացնել` միայն նրա համար, որ Գերմանիայում թուրքական համայնքը շատ ավելի մեծ է, եւ հենց այնտեղ այն իր նպատակակետին կհասներ»:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը տեղեկացրեց, որ այս տարի փառատոնը կկայանա հուլիսի 9-ից 14-ը:



Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG