Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Ժակ Շիրակի հետ


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով քառօրյա պաշտոնական այցով գտնվում է Ֆրանսիայում, այսօր Փարիզի Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ:

Հանդիպումից հետո, երբ նախագահները միասին դուրս եկան Ֆրանսիայի նախագահի նստավայրից, հակառակ լրագրողների սպասումների, ճեպազրույց տեղի չունեցավ: Ռոբերտ Քոչարյանը, սոսկ ձեռքի շարժումով ողջունեց լրագրողներին եւ ասաց` «Ամեն ինչ լավ է»:

Այսօր ավելի վաղ Լուվրում նախագահներ Շիրակի եւ Քոչարյանի մասնակցությամբ բացվեց Armenia Sacra («Սուրբ Հայաստան») ցուցահանդեսը: Ռոբերտ Քոչարյանին ուղեկցում էին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, արտգործնախարար Վարդան Օսկանյանը, հայաստանյան պատվիրակության այլ անդամներ:

Լուվրի թանգարանը իր պատմության մեջ առաջին անգամ է ներկայացնում ամբողջությամբ հայկական քրիստոնեական արվեստին նվիրված ցուցահանդես: Ցուցադրությունը, որը նախագահներ Քոչարյանն ու Շիրակը դիտեցին միասին, կազմակերպված է թանգարանի գետնահարկում, քանի որ ցուցանմուշների շարքում են նաեւ Հայաստանից բերված խաչքարեր:

Այսօր երեկոյան Հայաստանի նախագահն ու առաջին տիկինը մասնակցելու են տեղի հայ համայնքի կողմից կազմակերպված ճաշկերույթին:


Ռուզան Կյուրեղյան, Փարիզ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG