Մատչելիության հղումներ

Եվրամիությունն ընդարձակում է կապերը Հարավային Կովկասի հետ


Այսօր մեկնարկել է Եվրամիության նախագահող երկրի՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի այցը Հարավային Կովկաս: Բաքվում Շտայնմայերը հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ երկրի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւի հետ:

Ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, Աբդուլաեւի հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի արտգործնախարարը հավաստիացրել է, որ գերմանացի էներգետիկները պատրաստ են համագործակցել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ:

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի խոսքերով, Եվրամիությունը հիմա փորձում է ապահովել էներգակիրների մատակարարման այլընտրանքային ուղիներ եւ այդ հարցում մեծ հույսեր է կապում հատկապես Ադրբեջանի հետ:

Բաքվում նախատեսված է նաեւ Գերմանիայի արտգործնախարարի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, Շտայնմայերի այցի նպատակն է ընդարձակել Եվրամիության եւ Հարավային Կովկասի երեք հանրապետությունների կապերը. - «Եվրամիության համար տարածաշրջանի կարեւորությունը նախեւառաջ պայմանավորված է Ադրբեջանի նավթի եւ գազի պաշարներով, մեծ նշանակություն ունի նաեւ այն հանգամանքը, որ Հարավային Կովկասը տարանցիկ ուղի է խողովակաշարերի համար»:

Այսօր երեկոյան Շտայնմայերը Բաքվից մեկնում է Թբիլիսի:

Գերմանիայի արտգործնախարարի հարավկովկասյան այցի վերջին կանգառը Հայաստանն է: Շտայնմայերը Երեւան կժամանի վաղը եւ հանդիպումներ կունենա վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:

Արտգործնախարարների հանդիպումից հետո տեղի կունենա նրանց համատեղ ասուլիսը:

Երեքշաբթի օրը ծրագրված է նաեւ գերմանական պատվիրակության այցը Ծիծեռնակաբերդ, որտեղ ծաղկեպսակ կդրվի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG