Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի տեղեկություններով, «Ռելաքս» դիսկո-ակումբում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում սպանված երկու երիտասարդներից մեկը` Մհեր Պողոսյանը, մտերիմ հարաբերություններ է ունեցել Ազգային ժողովի պատգամավոր Լեւոն Սարգսյանի` «Ալրաղացի Լյովիկի» հետ, իսկ մյուս սպանվողը` Արտաշես Համբարձումյանը, Հանրապետական կուսակցության ազդեցիկ գործիչներից մեկի ազգականն է: Թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, գրում է, թե սպանության մեջ կասկածվողներից մեկը «Մանումենտցի Մհեր» մականունով թաղային հեղինակությունն է:

«Հայկական ժամանակ»֊-ն այսպես է նկարագրում «Բարգավաճ Հայաստան»-֊ի երեկվա համագումարի սկիզբը. - «Որքան էլ զարմանալի է, համագումարի պատվիրակներին կառավարության նիստերի դահլիճի մուտքի մոտ դիմավորում էին ոչ թե սափրագլուխները, այլ «ինծիլիգենտի» արտաքինով երիտասարդները: Խիստ կարեւորելով Գագիկ Ծառուկյանի անձը, երիտասարդները, նախ, մուտքի մոտ կանգնեցրին լրագրողներին եւ առանց ցուցակի ոչ ոքի ներս չէին թողնում: Նման բան մինչ այժմ տեղի չի ունեցել որեւէ կուսակցության համագումարի ժամանակ: Երբ թղթակիցներից մեկը նետեց՝ կարո՞ղ է Ծառուկյանը Կոնդոլիզա Ռայսն է, «Բարգավաճ Հայաստան»-֊ի հանրային կապի պատասխանատու Բաղդասար Մհերյանը ամենայն պատասխանատվությամբ պատասխանեց. «Ավելին է, քան Կոդոլիզա Ռայսը»:

Իսկ «Առավոտ»֊-ն այսպես է նկարագրում Գագիկ Ծառուկյանին. - «Մարդիկ իսկապես փոփոխություններ են ուզում, եւ նրանց ներկայացվում է հզոր, առատաձեռն, անսպառ նյութական հնարավորություններով մի անձնավորություն, որն ունակ է ինչ֊-որ հրաշքով լուծել մարդկանց սոցիալական խնդիրները: Դա աշխատունակ առասպել է մոտակա մի քանի ամսվա համար»:

«Իրավունք» թերթի թղթակիցը հարցնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանին. «Ինչո՞ւ ձեր անունը չկար «Բարգավաճ Հայաստան»֊-ի նորընտիր խորհրդի կազմում»: Ռուբեն Գեւորգյանի պատասխանը. - «Կուսակցության խորհրդի անդամ լինելը չէ, որ պետք է որոշի իմ անելիքն ու դիրքը կուսակցության մեջ: Ես Ռուբեն Գեւորգյանն եմ, հասարակության մեջ ճանաչված ու սիրված որպես «Ծաղիկ Ռուբո», ինչը նշանակում է հայրենասեր, կառուցող-֊շինարար, ժողովրդին ու հողին նվիրյալ, գրողների միության անդամ, 5 գրքի հեղինակ եւ ճիշտ ապրած հայ մարդ»:

«Ժամանակ Երեւան»֊-ը պնդում է. - «Հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ եւ առաջիկա ընտրությունների հետ կապված երկու պայման է դրել նրանց առաջ: Նա պահանջել է, որ խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարը չլինի Մեծ Բրիտանիայի կամ ԱՄՆ-֊ի ներկայացուցիչը: Տարակուսած դեսպանները հետաքրքրվել են՝ «Իսկ ո՞ր երկրից եք դիտորդ ուզում, Ռոբերտ Սեդրակիչ»: «Ֆրանսիայից կամ Ռուսաստանից»,֊ - եղել է պատասխանը: Քոչարյանի հաջորդ պահանջը եղել է այն, որ ընտրությունների արդյունքներն ամփոփող դիտորդական եզրակացության կազմմանը մասնակցեն նաեւ իր ներկայացուցիչները: Դեսպանները պարզապես ապշահար են եղել այս դիկտատորական նկրտումներից եւ չեն կարողացել թաքցնել իրենց վերաբերմունքը»:

«Չորրորդ իշխանություն»-֊ը Ստեփան Դեմիրճյանի մասին գրել է հետեւյալը. - «Նա չի էլ հասկանում, որ 2003-֊ին Մատենադարանի առջեւ «Դե֊միրճ֊յան» վանկարկողները ոչ թե իրեն էին սատարում, այլ միացյալ ընդդիմության գաղափարին: Հետեւաբար, եթե այս անգամ ՀԺԿ-֊ն միայնակ մասնակցի ընտրություններին, 5 տոկոս չի հավաքելու»:

«Հայոց Աշխարհ»-֊ն այսպես է մեկնաբանում «Հանրապետություն» կուսակցության առաջնորդի ամերիկյան ուղեւորությունը. - «Արամ Սարգսյանի կարգի հայրենի հեղափոխականները՝ հրմշտելով մեկմեկու, շտապում են Վաշինգտոն՝ հարսնատեսության, հուսալով, որ հենց իրենք կթողնեն լավագույն տպավորությունն ու կստանան փողը: Իսկ դուր գալու համար պետք է հնարավորինս մռայլ գույներով նկարագրել մեր իրականությունն ու հավատարմության անդադար երդումներ տալ ամերիկացիներին: Ինչով էլ այս օրերին զբաղվում է Վաշինգտոնում «Հանրապետության» առաջնորդը:

Ինչու է այս օրերին ապամոնտաժվում հանրապետության ամենամեծ հեռուստացույցը՝ Հանրապետության հրապարակում տեղադրված էկրանը: «Հայք» թերթն այսպիսի վարկած է առաջարկում. - «Շրջանառվող լուրերի համաձայն, ապամոնտաժման պատճառն այն է, որ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը այնքան է մտածել առաջիկա ընտրությունների մասին, որ զգոնությունը կորցնելու հետ կորցրել է նաեւ հանրապետության ամենամեծ հեռուստացույցի հեռակառավարման միակ վահանակը, այլ կերպ ասած՝ պուլտը, որը, չար լեզուների վկայությամբ, միշտ եղել է նրա ձեռքին: Այս իրավիճակում ոչինչ չի մնացել անել, քան հավաքել նոր հեռուստացույց, որը կունենա նաեւ «զապաս» պուլտ»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG