Մատչելիության հղումներ

«Բարգավաճ Հայաստանը»-ը միայնակ է գնալու ընտրությունների


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցության երրորդ արտահերթ համագումարում հինգշաբթի օրը հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան»-ը միայնակ է գնալու մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին եւ ունի «բոլոր հնարավորությունները հաղթելու»:

«Իմ համախոհների հետ ստեղծել եմ նոր քաղաքական ուժ, որը կարճ ժամանակահատվածում կարողացավ դառնալ հզոր, ազդեցիկ եւ վստահություն վայելող կառույց», - համագումարի իր ելույթում ասաց Ծառուկյանը: - «Մենք ընտրությունների գնալու ենք միայնակ` առանց դաշինք կազմելու որեւէ քաղաքական ուժի հետ: Մենք պատրաստ ենք համագործակցել ազատ եւ արդար ընտրություն ապահովելու գործում: «Բարգավաճ Հայաստան»-ին ուրիշի քվեն պետք չէ, իսկ մեր յուրաքանչյուր ձայնին մենք տեր ենք կանգնելու»:

«Չթերագնահատելով որեւէ ուժի` ես ուզում եմ շեշտել, որ մենք ունենք բոլոր հնարավորությունները հաղթելու առաջիկա խորհրդարանական ընտրություններում եւ մեր լուրջ ներկայությունը ունենալ երկրի կառավարման պատասխանատու գործում», - հայտարարեց «Բարգավաճ Հայաստան»-ի նախագահը:

Համագումարին ներկա էին Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Ընդդիմադիր «Ազգային միաբանություն», ՀԺԿ, «Օրինաց երկիր» կուսակցությունները ներկայացված էին ոչ առաջին դեմքերով:

Համագումարից հետո լրագրողների հետ հանդիպման եկած՝ «Բարգավաճ Հայաստան»-ի նորընտիր քաղխորհրդի անդամներից տրանսպորտի եւ կապի փոխնախարար Վարդան Վարդանյանը, ի պատասխան հարցին, թե ինչու ասուլիսին չի եկել Գագիկ Ծառուկյանը, պատասխանեց. - «Գագիկ Ծառուկյանը մոտակա օրերին անպայման մամուլի ասուլիս կտա եւ ձեզ հետաքրքրող հարցերին կտա սպառիչ պատասխաններ»:

Դիտարկմանը, թե ընդդիմության որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իրականում ստեղծել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քաղխորհրդի անդամներից Բաղդասար Մհերյանը արձագանքեց. - «Չգիտեմ որ ընդդիմությունն է դա պնդում, որտեղից գիտի էդպիսի բան... Կուսակցությունը ստեղծել է Գագիկ Ծառուկյանը` մի խումբ համախոհներով, եւ այսօր դուք տեսաք այդ համախոհներին: Այստեղ Ռոբերտ Քոչարյանը չկար»:

Քաղխորհրդի մյուս նորընտիր անդամ Արամ Սաֆարյանը հայտարարեց, որ կուսակցությունն այս պահին ունի 370 հազար անդամ, 526 գրասենյակ, 41 տարածքային եւ 614 սկզբնական կազմակերպություններ:

Խոսելով ապագա խորհրդարանում իրենց ներկայացվածության մասին` Վարդան Վարդանյանը չթաքցրեց կուսակցության հավակնությունները. - «Ազգային ժողովի ընտրություններում երրորդ տեղը մեզ չի բավարարում»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG