Մատչելիության հղումներ

Տավիանի եղբայրների կինոնկարը ցեղասպանության մասին կցուցադրվի «Ոսկե ծիրան» փառատոնում


Հուլիսին Երեւանում կայանալիք «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կբացվի Տավիանի եղբայրների «Արտույտի ագարակը» ֆիլմով, որը երեկ հուզիչ ընդունելություն է գտել Բեռլինի միջազգային կինոփառատոնում:

Գերմանիայում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց, որ «Ոսկե ծիրան»-֊ի նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, որը մասնակցում է Բեռլինալեին, Տավիանիների հետ ձեռք է բերել արդեն այդ պայմանավորվածությունը:

«Արտույտի ագարակը» Բեռլինի փառատոնին մասնակցում է ոչ մրցութային կարգով, երեկ կայացավ նրա առաջին ցուցադրությունը: Կարինե Ղազինյանի փոխանցմամբ, կինոդահլիճի ոստիկանական հսկողությունը խստացված էր, սակայն որեւէ տհաճ միջադեպ չի գրանցվել:

Դեսպանը հատուկ նշեց, որ այս տարի Բեռլինի փառատոնում երկրորդ անգամ հնչեղություն է ստանում Հայոց ցեղասպանության հարցը՝ Բեռլինում ներկայացվում է նաեւ կանադահայ 36-ամյա կինոռեժիսոր Կարինե Թորոսյանի «Քարեդարյան հպում» գեղարվեստական կինոնկարը:

Երեկ ասուլիսի ժամանակ Տավիանի եղբայրները տարակուսել են. - «Ինչո՞ւ Իտալիայում ֆաշիզմը դատապարտվեց, Գերմանիայում նացիոնալ-սոցիալիզմը դատապարտվեց, բայց երիտթուրքերի քաղաքականությունը չի դատապարտվում»: Նրանք նաեւ ասել են, որ ֆիլմի գաղափարին պատահական են հանգել. ընթերցել են Իտալիայում բնակվող Անտոնիա Արսլանի վեպը, ցնցվել, հետո ստուգել շատ բաներ, նոր մարդկանց հետ ծանոթացել ու վեպի հենքի վրա ստեղծել այս ֆիլմը:


Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG