Մատչելիության հղումներ

Վրացի երիտասարդներն ըմբոշխնում են «վարդերի հեղափոխության» պտուղները


Թբիլիսիի փողոցներում «Մաքս Լիբերթի»-ին հարցազրույց տված երիտասարդները փաստում էին, որ իրենց երկիրը շուտով Եվրոպայի լիիրավ մասնիկն է դառնալու:

«Ավելի ազատ ենք դարձել, ամեն ինչ եվրոպականացվում է: Պարզապես այս ամենը միայն երիտասարդների համար է. նոր կազմակերպությունները միայն երիտասարդներին են աշխատանքի ընդունում, մեծերի համար Թբիլիսիիում ոչինչ չկա»,- ասաց 20֊-ամյա Սոֆոն:

Իսկ 23-֊ամյա Վեկայի վկայությամբ՝ «հեղափոխության արդյունքում աշխատատեղերը շատացել են, քաղաքը գեղեցկացել է՝ ամենուր լավ խանութներ են»: «Կրթության որակն էլ բարձրացավ. քաղաքական իրադրությունը մեզ համար այնպիսի պայմաններ է ստեղծել, որ սահմանները բաց են, Եվրոպայում սովորելու հնարավորությունները շատացել են», - ասաց նա:

10-րդ դասարանցի Լեւանն էլ դժգոհեց, թե հեղափոխությունը օգուտ բերեց միայն նրանց, ովքեր պետական բյուջեից էին աշխատավարձ ստանում: Լեւանի խոսքով՝ Վրաստանում ստեղծված իրադրությունն իրենց եվրոպացի է դարձնելու, ինչից դժգոհ է ավագ սերունդը. - «Ինձ համար ոչինչ էլ չի փոխվել: Ծնողներս պետական հիմնարկում չէին աշխատում հեղափոխությունից առաջ. մեր ընտանիքում աշխատավարձի որեւէ բարձրացում չեղավ: Լավն այն է, որ ով համակարգիչ գիտի եւ օտար լեզու, հաստատ աշխատանք կգտնի»:

Վրացի երիտասարդները խոստովանում էին, որ Թբիլիսին հիմա դարձել է իրենց համար սիրելի քաղաք, որտեղ կարելի է ե'ւ լավ աշխատանք գտնել, ե'ւ ծախսել վաստակածդ փողը ուզածիդ պես:

«Ամեն ինչ էլ ունենք Վրաստանում: Առայժմ Դիսնեյլենդ չկա, բայց խոստացել են, որ շուտով կառուցելու են: Ես երեք տեղում եմ աշխատում, երեկոներս էլ ակումբներում եմ անցկացնում»,- ասում էր Թբիլիսիի պետական համալսարանի ուսանող Ալեքսը: Նրա խոսքով՝ քաղաքի ամենալավ ակումբի մուտքի գինը 25 լարի է՝ մոտ 15 դոլար: «Բայց կարծում եմ՝ աստիճանաբար կթանկանա ամեն ինչ. դե, հասկանում եք՝ Եվրամիություն ենք մտնելու»:

Սիրու՞մ են արդյոք վրացի ուսանողները աշխատել՝ այս հարցին ի պատասխան բոլոր երիտասարդները միաբերան վկայակոչում էին նախագահի՝ այս տարի կազմակերպած ակցիան հատուկ ուսանողների համար, երբ բոլոր ցանկացողները ամառային երկու ամիսներին ամենատարբեր աշխատանքների դիմաց 400-ական լարի էին ստացել:

«Նախագահն այս հարցում շատ բան փոխեց, կարգին փող աշխատեցինք: Նա խոստացել է նույնը նաեւ փետրվարին նախաձեռնել», - ասաց մի վրացի երիտասարդ:


Կարլեն Ասլանյան, Թբիլիսի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG