Մատչելիության հղումներ

Սամվել Բաբայանը առաջադրվելու է ե’ւ համամասնական, ե’ւ մեծամասնական ընտրակարգով


«Դաշինք» կուսակցության համամասնական ցուցակը Ազգային ժողովի` մայիսին կայանալիք ընտրություններում գլխավորելու է կուսակցության նախագահ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Նա առաջադրվելու է նաեւ մեծամասնական ընտրակարգով:

«Կուսակցության լիդերը որոշում է կայացրել, եւ կուսակցությունը քննարկումներ անցկացնելուց հետո որոշել է, որ [Սամվել Բաբայանը] առաջադրվելու է թիվ 37 ընտրատարածքում, որը ներառում է Գորիս - Սիսիան հատվածը», - ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում ասաց «Դաշինք» կուսակցության քաղխորհրդի անդամ Անդրանիկ Թեւանյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում, ի պատասխան հարցին, թե Հայաստանում 2004 թվականից բնակվող Սամվել Բաբայանը իրավունք ունի՞ առաջադրվել ու գրանցվել որպես թեկնածու Ազգային ժողովի ընտրություններում, Թեւանյանը պարզաբանեց. - «Այո: Որովհետեւ Սամվել Բաբայանը ավելի վաղ է ստացել այն կապույտ անձնագիրը, որը մենք` Հայաստանի քաղաքացիներս ստացել ենք: Կա Գերագույն խորհրդի որոշումը, համաձայն որի` Ղարաբաղը եւ Հայաստանը մեկ միավոր են. որեւէ մեկը չի փոխել այդ որոշումը»:

«Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարին նշանակում եւ ազատում է Հայաստանի Հանրապետության նախագահը: Եվ ժամանակին Սամվել Բաբայանին պաշտպանության բանակի հրամանատար է նշանակել Լեւոն Տեր-Պետրոսյանը», - շարունակեց իր փաստարկները շարադրել Անդրանիկ Թեւանյանը:

Գերագույն խորհրդի` 1989 թվականի որոշումը իսկապես չի փոխվել եւ չի վերացվել: Այդուհանդերձ, 1991 թվականին համաժողովրդական հանրաքվեով իրեն անկախ հռչակած Լեռնային Ղարաբաղում դրանից ի վեր անցկացված բոլոր համընդհանուր ընտրություններին Հայաստանի քաղաքացիները չեն մասնակցել, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն էլ չի մասնակցել հայաստանյան համապետական ընտրություններին:

«Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հրանտ Խաչատրյանը 2002 թվականին փորձեց առաջադրվել Լեռնային Ղարաբաղի նախագահի ընտրություններում, սակայն նրա թեկնածությունը չգրանցվեց` չնայած 1989-ի որոշմանը, որը մինչ այսօր կիրառվել էր միայն 1998 թվականին Հայաստանի նախագահի ընտրությունների ժամանակ:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG