Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Բաբուխանյանին ապտակելն անհրաժեշտ էր» խորագրի ներքո «Տարեգիր»-ը հրապարակել է հարցազրույց Հրանտ Խաչատրյանի հետ: «Այո, ես մանդատով հարվածեցի այդ երիտասարդի [Հայկ Բաբուխանյանի] քթին», - ասել է Խաչատրյանը` պարզաբանելով. - «Դա նշանակում է` ես օրենքով հարվածեցի նրա քթին իր ապօրինությունների համար»:

«Հայկական ժամանակ»-ը շարադրում է. - «Երեկ խիստ գաղտնի պայմաններում կայացել է ընդդիմադիր մի քանի ուժերի ներկայացուցիչների հանդիպումը, որի մասին տեղյակ չէին անգամ այդ կուսակցությունների անդամները: Իսկ ենթադրյալ մասնակիցները հրաժարվում էին որեւէ մանրամասն հաղորդել բանակցությունների մասին: Հիշեցնենք, որ այս հանդիպման ընթացքում քննարկվելու էր Ազգային ժողովի ընտրություններին ընդդիմության միասնական համամասնական ցուցակով հանդես գալու հարցը»:

«Նախընտրական կրքերն այն աստիճան են բորբոքվել, որ նույնիսկ տարիներ շարունակ միմյանց հանդեպ զգուշավորություն բանեցրած Սերժ Սարգսյանն ու Վազգեն Մանուկյանը կպան իրար», - գրում է «Տարեգիր»-ը: - «Սա արդեն եւս մի ապացույց է, որ շատերի, մանավանդ՝ Սերժ Սարգսյանի ու Վազգեն Մանուկյանի համար այս նախընտրական արշավը ոչ թե Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական արշավ է, այլ, ավելի շուտ, նախագահի ընտրությունների ընտրարշավ, եւ ի դեմս Վազգեն Մանուկյանի եւ Սերժ Սարգսյանի իրար դեմ են դուրս եկել ապագա նախագահացուները»:

«Հանրապետական կուսակցությունում համակերպվել էին այն մտքի հետ, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո իրենք վարչապետի պաշտոնը զիջելու են իրենց կուսակցության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին», - գրում է «Ժամանակ - Երեւան»-ը: - «Սակայն Անդրանիկ Մարգարյանը համոզված էր, որ որպես փոխհատուցում ինքը կստանա Ազգային ժողովի նախագահի պաշտոնը: Բայց Դավիթ Հարությունյանի հանրապետական դառնալուց դեռ մի քանի օր առաջ լուրեր տարածվեցին, որ Ռոբերտ Քոչարյանը Ազգային ժողովի նախագահի պաշտոնը խոստացել է Դավիթ Հարությունյանին»:

Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը «Հայոց Աշխարհ» թերթում կարծիք է հայտնում. - «Քաղաքական գովազդի համար հեռուստաընկերությունների կողմից սահմանված սակագների բարձր լինելու եւ անհավասար պայմանների մասին հիմնականում խոսում են այն մարդիկ, ովքեր իրենց արձակուրդներն անցկացնում են շատ թանկարժեք արտասահմանյան հանգստավայրերում եւ տարեկան մի քանի անգամ մեկնում երկարատեւ շրջագայությունների։ Այն գումարները, որ դրա վրա ծախսում են՝ վստահաբար, մի քանի անգամ գերազանցում են հեռուստաընկերությունների կողմից առաջարկվող գներին»:

«Հայք»-ը գրում է, թե «Հայաստանի երկաթուղու կառավարմամբ հետաքրքրված են ռուսական, ֆրանսիական, ուկրաինական եւ ղազախական ընկերությունները». - «Դժվար չէ ենթադրել, որ մրցույթում հաղթանակ կտանի ռուսական որեւէ ընկերություն: Անկախ փորձագետները համոզված են, որ երկաթուղին ռուսներին հանձնելու մարտավարությունը միտված է Հայաստանում հեղափոխության սպառնալիքը իսպառ չեզոքացնելուն: Կարծիք կա, որ այդ նպատակը մինչեւ վերջ իրագործելու համար երկաթուղուց հետո Հայաստանի իշխանությունները ռուսներին կհանձնեն նաեւ կամուրջները, փոստը, հեռագրատունը, իսկ ամենավերջում՝ նաեւ լվացքատները»:

«Հայաստանի Հանրապետություն»֊-ը հիշեցնում է, որ 1999 թվականից Հայաստանում գործում է հայ֊-կազակական միջազգային միավորումը, եւ փաստում՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն ինստիտուտն ավարտելուց հետո ծառայել է Գյումրիի «Կազաչի պոստ» ուղեկալում: Թերթը նաեւ տեղեկացնում է, որ հայ կազակները մտադիր են Հայաստանում զուտ կազակներով բնակեցված գյուղ կառուցել»:

«Առավոտ»֊-ի խմբագիրը, տեղեկացնելով, որ մարտի սկզբին Երեւանում բացվելու է ԱՊՀ-֊ի միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը, հեգնում է. - «Դե ուրեմն, ընտրությունների թափանցիկության վերաբերյալ կարելի է այլեւս չանհանգստանալ: Դրանք կլինեն այնքան թափանցիկ, որքան յաթրջի օղին, որը կհրամցվի ԱՊՀ֊-ի դիտորդներին Հայաստանի բոլոր շրջաններում: Կասկած չկա, որ ԱՊՀ-֊ի առաքելության աշխատանքային գրաֆիկը չափազանց հագեցած կլինի՝ Գառնի, Գեղարդ, Էջմիածին, Երեւանի կոնյակի գործարան… Հատկապես վերջին կետը կնպաստի դիտորդների առավել սթափ եւ իրատեսական գնահատականին: Այս առթիվ ունեմ մի կառուցողական առաջարկ. ԱՊՀ-֊ի դիտորդական առաքելության գրասենյակը բացել Պռոշյան փողոցում՝ դիտորդների աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար: Բանն այն է, որ մայիսին բացվում է «իքիբիրի» սեզոնը»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG