Մատչելիության հղումներ

Jane’s-ի վերլուծաբաններն առաջարկում են բացել հայ - թուրքական սահմանը


«Թուրքիայի կողմից իր առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու ամենաարդյունավետ ճանապարհը քրդերով բնակեցված շրջանների տնտեսական զարգացումն է», - փաստում են Jane’s հետազոտական կենտրոնի վերլուծաբաններն ու որպես դեղատոմս առաջարկում բացել հայ - թուրքական սահմանը:

Ամերիկացի վերլուծաբանների գնահատմամբ, Թուրքիայում փաստացի կառավարությանն առընթեր գործող «ստվերային կառավարությունը»` զինվորականությունը, այժմ խստորեն մտահոգված է նաեւ Իրաքի անկայունությամբ եւ հորդորում է Միացյալ Նահանգներին քուրդ անջատողականների դեմ Իրաքի հյուսիսում համատեղ ռազմական գործողություններ իրականացնել. - «Թուրքիայի հետախուզական ծառայություններն ու զինվորական ներուժը այժմ քրդական երեւութական պետությունը դիտարկում են որպես լուրջ սպառնալիք` Թուրքիայի անվտանգության եւ կայունության համար»:

Հայ - թուրքական սահմանի բացման դեպքում, ըստ Jane’s-ի փորձագետների, սահմանային առեւտրից առաջին հերթին կշահեն արեւելյան Թուրքիայի քրդական շրջանները:

«Քանի որ Թուրքիայի զինվորականությունն այժմ հայ - թուրքական սահմանի բացումը դիտարկում է ոչ այնքան որպես սպառնալիք, որքան արեւելյան Թուրքիայում սեփական նպատակներին հասնելու միջոց, հնարավոր է, որ նույնիսկ պահպանողական շրջանակների կողմից նախապատվությունը տրվի հայ - թուրքական սահմանի բացմանը», - ընդգծում են Jane’s-ի վերլուծաբանները:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG