Մատչելիության հղումներ

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը քննադատում է Հայաստանի հեռարձակողների սահմանած սակագները


«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի եւ հետխորհրդային երկրների բաժնի ղեկավար էլզա Վիդալը այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում խստորեն քննադատեց Հայաստանի հեռարձակողներին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական գովազդի չափազանց բարձր սակագներ սահմանելու համար:

Հայաստանի մի քանի ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներ արդեն մեղադրել են հեռարձակողներին բարձր գովազդային սակագներ սահմանելու համար՝ որակելով դա իբրեւ «իշխանությունների հրահրած միտումնավոր քայլ»:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչը, ըստ էության, համաձայն է այս տեսակետին:

«Սա ընդդիմադիր գործչին ելույթի, բնակչության հետ հաղորդակցվելու հնարավորությունից զրկելու շատ բիրտ ձեւ է», - ասաց էլզա Վիդալը՝ շեշտելով. - «Սա կիրառվող ամենադաժան մեթոդներից մեկն է: Այն հին մեթոդ է, բայց՝ անօգուտ»:

Այսպիսի գնային քաղաքականությունը, ըստ նրա, նշանակում է, որ «իշխանությունը վախեցած է»:

Գովազդային բարձր սակագների քաղաքականությունը, ինչպես վստահ է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչը, «կարող է գործել միայն կարճատեւ ժամանակահատվածում եւ ակնհայտորեն լավ ռազմավարություն չէ»:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG