Մատչելիության հղումներ

Միջազգային իրավունքի դատախաղ՝ իրավաբան ուսանողների համար


Մրցույթին մասնակցում են 2-5 իրավաբան ուսանողներից բաղկացած թիմեր, որոնք, ստանալով կազմակերպիչների կողմից մրցույթի թեման եւ անհրաժեշտ փաստաթղթերը, հետազոտում եւ կազմում են հայցադիմումներ, որոնց շուրջ բանավոր մրցափուլում ծավալվում է թիմերի բանավեճը:

Այս մթցույթն առաջին անգամ կայացել է Հարվարդի համալսարանում՝ 1960 թվականին, երբ մի խումբ ուսանողներ նպատակադրել էին զարգացնել կրթությունը միջազգային իրավունքի բնագավառում:

Ամեն տարի Ջեսափի անվան մրցույթին մասնակցում են 90-ից 100 երկրներ: 2000 թվականից Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի շնորհիվ մրցույթն անցկացվում է նաեւ Հայաստանում: Ասոցիացիայի հանրային կապերի պատասխանատու Մերի Եգանյանը նշեց, որ դատախաղ-մրցույթի այս տարվա թեման վերաբերում է պետությունների՝ միջազգային կազմակերպություններին անդամակցությանը, անդամ եւ ոչ անդամ պետությունների միջեւ ծագած տարաձայնություններին:

Մրցույթը Հայաստանում հովանավորում է ԱՄՆ֊-ի դեսպանատունը, եւ սպասվում է, որ վաղը կայանալիք մրցույթի եզրափակիչին ներկա կլինի նաեւ Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին:

Հայաստանում ազգային փուլում հաղթած թիմը մարտին կամ ապրիլին կմեկնի Վաշինգտոն՝ մասնակցելու միջազգային մրցափուլին: Մրցույթին մասնակցած բոլոր ուսանողները կստանան վկայականներ, իսկ Վաշինգտոնում հաղթած թիմը կարժանանա Ֆիլիպ Ջեսափի անվան գավաթին:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG