Մատչելիության հղումներ

Ժակ Շիրակ. «Քաղաքականությունից հետո էլ կյանք կա»


Մարտի 16-ին Ֆրանսիայում ավարտվում է նախագահության թեկնածուների առաջադրման ժամկետը: Ընտրությունների երկու փուլերը նախատեսված են ապրիլի 22-ին եւ մայիսի 6-ին:

Նախագահ Ժակ Շիրակը վերջին ամիսներին հրաժարվել է խոսել իր ծրագրերի մասին՝ ասելով, թե 2007-ի առաջին եռամսյակում կհայտնի իր դիրքորոշումը:

«Ֆրանսպրես», DPA եւ «Ռոյթերզ» լրատվական գործակալությունները երեկ նշել են, թե այլեւս կարելի է ենթադրել, որ Շիրակը որոշել է հեռանալ քաղաքական ասպարեզից: Մասնավորապես, այդ է վկայում նախագահի տիկնոջ՝ Բերնադետի հարցազրույցը, որն ամբողջությամբ եթեր կհեռարձակվի կիրակի օրը: «Այո, ես կարոտով եմ հիշելու Ելիսեյան պալատը», - խոստովանել է առաջին տիկինը:

74-ամյա նախագահը Ֆրանսիայի Երկրորդ հեռուստակայանին տված վերջին հարցազրույցում ասել է. - «Ես կառչած չեմ անցյալից, ես միշտ ծառայել եմ Ֆրանսիային, երբ այլեւս չունենամ այս լիազորությունները, կգտնեմ ճանապարհ՝ Ֆրանսիային ծառայելու: Անկասկած, կա կյանք նաեւ քաղաքականությունից հետո, մինչեւ մահ»:

Հայաստանում Շիրակը հայտնի է որպես հայ - ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը մեծագույն ավանդ բերած քաղաքական գործիչ: Շիրակի նախագահության օրոք Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ժակ Շիրակը Արեւմուտքի գերհզոր երկրների միակ նախագահն է, որը պետական այցով ժամանել է Հայաստան:

Շիրակը Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1995 թվականից:

Քաղաքական մեկնաբանների մեծ մասը ենթադրում է, որ գարնանը կայանալիք ընտրություններում հաղթելու մեծ հնարավորություն ունի ներքին գործերի նախարար Նիկոլա Սարկոզին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG