Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները դեմ են երկքաղաքացիության հարցով առաջարկվող փոփոխություններին


Ազգային ժողովը հինգշաբթի օրը շարունակեց քննարկել երկքաղաքացիության իրավունքը կարգավորող մի շարք օրենքներում առաջարկվող փոփոխությունների փաթեթը, որը արժանացավ ընդդիմադիր պատգամավորների սուր քննադատությանը:

Ընդդիմադիրները պնդում են, որ առաջարկվող փոփոխություններով իշխանությունները ընդամենը նախապատրաստվում են խորհրդարանական ընտրություններին:

Առաջարկվում է, օրինակ, առանց արգելքի քաղաքացիություն շնորհել 1995 թվականից ի վեր ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձանց (այժմ գործող օրենքի համապատասխան դրույթի համաձայն, դրա համար անհրաժեշտ է առնվազն երեք տարի բնակվել Հայաստանում): Առաջարկվում է երկքաղաքացիության հետ մեկտեղ այդ մարդկանց շնորհել նաեւ ընտրելու իրավունք:

«Այս օրենսդրական նախաձեռնությունը միտված է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել բազա առաջիկա խորհրդարանական ընտրությունները կեղծելու համար», - ասաց Վիկտոր Դալլաքյանը:

Ըստ օրինագծի, Հայաստանի քաղաքացիություն կարող է ստանալ նաեւ այն օտարերկրացին, ով ամուսնացել է ՀՀ քաղաքացու հետ կամ երեխա ունի նրանից:

«Արդարություն» խմբակցության պատգամավորներից Թաթուլ Մանասերյանի համոզմամբ, այս կետը «վտանգավոր է երկրի անվտանգության համար»:

«Հատկապես այն դեպքերը, որոնք շատ են, [երբ] ոչ միայն Թուրքիայի քաղաքացի են կամ Ադրբեջանի, այլ հիմա արդեն Ֆրանսիայի քաղաքացի են: Թուրքեր, որոնց ազգանունը հայկական է, թուրքեր, որոնք հայի անվան տակ, իբր հալածվել են եւ այլն, ստացել են Ֆրանսիայի քաղաքացիություն: Հիմա պատկերացրեք` այդպիսի անձինք գալիս են այստեղ, նույնիսկ եթե զանգվածային բնույթ չի կրում, եւ իրավունք են ստանում քարոզչություն տանել», - ասաց Մանասերյանը` շարունակելով. - «Ի՞նչ կստացվի, եթե այդ արտոնությունները սկսեն հակառակ ուղղությամբ կիրառվել... Դա կարող է ուժգնացնել արտագաղթը, հատկապես` ուղեղների արտահոսքը»:

Արշակ Սադոյանի կարծիքով, այս նախաձեռնությունը վարկաբեկում է «ժողովրդի փայփայած գաղափարները` մեկ կուսակցության հավակնությունները բավարարելու համար»:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը փորձեց հավաստիացնել, որ ընդդիմադիրները սխալվում են, որ օրինագիծը ընտրությունների նախապատրաստություն չէ. - «Գերադասելով կուսակցական, խմբային շահերը, մարդիկ ամեն ինչ արեցին, որպեսզի 96 թվականի սահմանադրության մեջ արհեստականորեն պատնեշվեն մեր հայության երկու հատվածները: Եվ այսօր մեզ իսկապես տրված է հնարավորություն՝ ենթաօրենսդրական ակտերով շտկել այս իրավիճակը»:

«Պատմական պահը պետք չէ կորցնել», - իր եզրափակիչ ելույթում ասաց հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: - «Հայաստանի Հանրապետության խորհրդարանը, եթե քվեարկի կողմ այս օրենքին, ապա կկատարի մի կարեւոր քայլ` վերականգնելու ոչ միայն պատմական արդարությունը, այլ կավելացնի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թիվը, ինչը կխոսի միմիայն մեր երկրի ավելի հզոր լինելու մասին»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG