Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզա. «Հիմնարար սկզբունքների շուրջ 100֊-տոկոսանոց համաձայնություն չկա»


ԵԱՀԿ֊-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում երեկ հայտնեց, որ ղարաբաղյան բանակցություններում կողմերի դիրքորոշումները մոտեցել են, բայց լիակատար համաձայնություն չկա:

«Նրանք մոտ են, շատ մոտ են, բայց ես չէի ասի, որ 100-֊տոկոսանոց համաձայնություն կա հիմնարար սկզբունքների շուրջ»,֊ - ասաց Մեթյու Բրայզան:

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ կողմերը համաձայնության գան Հայաստանի 2008 թվականի նախագահական ընտրություններից առաջ, ամերիկացի դիվանագետը ասաց. -֊ «Այո, կարծում եմ, դա հնարավոր է մինչեւ հաջորդ տարի: Կարծում եմ, որ մի փոքր դադար կլինի նախագահների դիվանագիտությունում՝ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների հետ կապված: Բայց կարծում եմ, որ այլ մակարդակներում դիվանագիտությունը կարող է շարունակվել, եւ կարծում եմ, որ խորհրդարանական ընտրություններից հետո մեծ հնարավորություն կա, որպեսզի նախագահները նոր թափ հաղորդեն իրենց բանակցություններին»:

Խոսելով հայ֊-թուրքական հարաբերությունների մասին, Բրայզան ասաց, որ ԱՄՆ֊-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, որը երեքշաբթի օրը Վաշինգտոնում հանդիպել է իր թուրք պաշտոնակից Աբդուլա Գյուլին, անձամբ «խրախուսել է» հայ-֊թուրքական մերձեցման գործընթացը, որը ներառելու է զանգվածային սպանությունների եւ տեղահանության համատեղ քննարկում:

«Վաղը ես գնում եմ Ստամբուլ, իսկ հաջորդ օրը` Անկարա, եւ կենտրոնանալու եմ այն հարցի վրա, որ Հրանտ Դինքի սպանությունից հետո ստեղծված իրադրությունը կարելի է օգտագործել հայ ֊- թուրքական հարաբերությունները բարելավելու համար: Եվ դրանք պետք է բարելավվեն առանց նախապայմանների»,֊ - կարծիք հայտնեց ԱՄՆ-֊ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան:

Մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ «Լոս Անջելես Թայմս» թերթում տպագրված հոդվածում արտահայտված մտքին, թե «Թուրքիան բաց թողեց եզակի պահը, որը ստեղծվել էր Հրանտ Դինքի սպանությունից հետո», Մեթյու Բրայզան կարծիք հայտնեց, որ «հնարավորությունը հաստատ դեռ կորսված չէ»:

Նա գտնում է, որ «շատ օգտակար կլիներ, եթե Թուրքիայի կառավարությունը քննարկեր Քրեական օրենսգրքի 301-֊րդ հոդվածը վերացնելու հնարավորությունը»:

Խոսելով Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւի մասին, որը ներկայացված է ամերիկյան Կոնգրեսում, Բրայզան ասաց. - «Ինչ-որ մեկը գրել է, թե ես օգտագործել եմ «այսպես կոչված ցեղասպանություն» արտահայտությունը»:

«Մենք չենք հերքում, որ սպանվել է մեկուկես միլիոն մարդ, որ դա ողբերգություն է, պարզապես այսպիսի հարցերը չեն լուծվում քաղաքական որոշումներով»,֊ - ասաց Բրայզան` եզրափակելով. - «Մենք չենք կարող արգելափակել բանաձեւի ընդունումը, մենք միայն կարող ենք քննարկել այդ հարցը Կոնգրեսի ղեկավարության հետ եւ բացատրել մեր դիրքորոշումը»:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG