Մատչելիության հղումներ

Աբդուլա Գյուլին այսօր կընդունի Քոնդոլիզա Ռայսը


Երկուշաբթի օրը Թուրքիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլը Վաշինգտոնում բանակցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Դիք Չեյնիի հետ: Այսօր Գյուլին ընդունելու է պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը:

Թուրք - ամերիկյան հանդիպումների օրակարգում հիմնական թեման Իրաքի պատերազմն է, սակայն Գյուլի առջեւ դրված է եւս մեկ խնդիր՝ համոզել ամերիկացիներին ոչ մի պարագայում չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը:

Անկարայից Վաշինգտոն մեկնելու նախօրեին Գյուլը հայտնել էր, թե մտադիր է ամերիկացիներին ներկայացնել այս հարցում թուրքական տեսակետը: «Մեր պարտքն է տեղեկություններ փոխանցել եւ փաստերը ներկայացնել», - նշել էր Թուրքիայի արտգործնախարարը:

Թուրքական քաղաքական շրջանակներում բավական բարձր են գնահատում դեմոկրատների կողմից վերահսկվող Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման հնարավորությունը:

Թուրքիայի արտգործնախարարը ողջունել է Ազգային մեծ ժողովի խոսնակ Բյուլենթ Առընջի նախաձեռնությունը, որի հորդորով թուրք խորհրդարանականների պատվիրակությունները մեկնելու են Վաշինգտոն եւ ամերիկացի օրենսդիրներին կոչ են անելու կանխել Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը՝ պնդելով, թե դրա ընդունումն անխուսափելիորեն կվատթարացնի թուրք - ամերիկյան հարաբերությունները:

Turkish Daily News-ի փոխանցմամբ, նախատեսված են թուրք օրենսդիրների հանդիպումները նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Խորհրդարանականների առաջին խումբը Միացյալ Նահանգներ կմեկնի փետրվարի 10-ին:

Այսօր Աբդուլա Գյուլը հանդիպելու է նաեւ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սթիվեն Հեդլիի հետ:

Չորեքշաբթի օրը Թուրքիայի արտգործնախարարը հանդիպելու է ամերիկացի օրենսդիրների հետ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG