Մատչելիության հղումներ

Տեղի ունեցավ բողոքի երթ` ի պաշտպանություն Սեֆիլյանի եւ Մալխասյանի


Ուրբաթ օրը «Հայ կամավորականների համախմբում» շարժման նախաձեռնությամբ Երեւանում տեղի ունեցավ արտոնված երթ` ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի: Երթին մասնակցեցին շուրջ երկու տասնյակ կուսակցությունների եւ կազմակերպությունների մոտ 150 ներկայացուցիչներ:

Սեֆիլյանն ու Մալխասյանը ձերբակալվել են անցած դեկտեմբերի 10-ին` Սահմանադրական կարգը բռնության փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր անելու մեղադրանքով:

Երթի մասնակիցները Կամերային երաժշտության տան մոտից շարժվեցին դեպի Ազգային անվտանգության ծառայության շենքը, իսկ այնտեղից` Հանրապետության հրապարակ:

Եթե կամերային երաժշտության տան շրջակայքում ցուցարարներին մի քանի ոստիկաններ էին վերահսկում, ապա Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ նրանց սպասում էր ոստիկանների մի մեծ բանակ: Շղթա կազմած ոստիկանները պահանջում էին երթը ցույցի չվերածել եւ շարժվել առաջ` վկայակոչելով քաղաքապետարանի թույլտվությունը, որով արտոնված էր երթ, այլ ոչ թե հանրահավաք:

Այդուհանդերձ, երթը շենքի առջեւ կանգ առավ եւ մասնակիցները սկսեցին վանկարկել ԱԱԾ-ի մեկուսարաններում արդեն երկու ամիս գտնվող Ժիրայր Սեֆիլյանի ու Վարդան Մալխասյանի անունները:

Երթին մասնակցում էր նաեւ Սեֆիլյանի փաստաբան Վահե Գրիգորյանը, ում փոխանցմամբ` նախաքննության մարմինը դիմել է առաջին ատյանի դատարան` կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգելու պահանջով:

Սեֆիլյանի կինը` Նանոր Սեֆիլյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ համոզված է, որ դատարանը կբավարարի պահանջը. - «Դե իշխանությունների պատվերն է, նրանք էլ պետք է կատարեն: Բայց սա ցավալի եւ ամոթալի է»:

Երթի կազմակերպիչներն ու մասնակիցները համոզված էին, որ սա դիտավորյալ արվող քայլ է` ընտրություններից առաջ ճանապարհից հեռացնել այն մարդկանց, ովքեր պատրաստակամություն են հայտնել թույլ չտալ կեղծիքները: «Հայ կամավորականների համախմբում» շարժման ղեկավարներից Սամվել Հարությունյանը, Հայ մտավորականների ֆորումի ավագանու անդամ Լենսեր Աղալովյանը հայտարարում էին, որ առաջնահերթ խնդիրը «ապազգային ռեժիմի վերարտադրումը կանխելն է, ինչը ռեժիմի պարագլուխները ցանկանում են մայիսի 12-ին անել»:

«Մենք հայտարարում ենք, որ դա թույլ չենք տա», - ասաց Սամվել Հարությունյանը:

ԱԱԾ-ի շենքի մոտից երթը շարժվեց դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ կառավարության շենքի դիմաց հանրահավաքը կարճ տեւեց. «Հայ կամավորականների համախմբում» շարժման ներկայացուցիչները եւս մեկ անգամ ամոթանք տվեցին իշխանություններին եւ հայտարարեցին, որ մի քանի օրից նորից են հավաքվելու:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG