Մատչելիության հղումներ

Մարտի Ահտիսաարին Բելգրադում եւ Պրիշտինայում կներկայացնի իր ծրագիրը


Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց, Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարին այսօր կժամանի Բալկաններ: Կոսովոյի հիմնախնդրի կարգավորման՝ իր կազմած ծրագիրը նա սկզբում Բելգրադում կներկայացնի Սերբիայի իշխանություններին, ապա մեկնելով Պրիշտինա՝ նաեւ Կոսովոյի իշխանություններին:

Անցած շաբաթ Ահտիսաարին իր ծրագիրը ներկայացրեց արեւմտյան եւ ռուսաստանցի միջնորդներին: Միջազգային փորձագետները ֆինն բանագնացի առաջարկած մեխանիզմը բնութագրում են որպես «միջազգային հանրության կողմից վերահսկվող փաստացի անկախություն»:

Ահտիսաարին առաջարկում է պաշտոնապես չհռչակելով Կոսովոյի անկախությունը` այնուամենայնիվ, ալբանացիներով բնակեցված այս տարածքին շնորհել այնպիսի իրավունքներ, որոնք քիչ են տարբերվելու աշխարհում գոյություն ունեցող անկախ պետությունների կարգավիճակից: Այսպես,Կոսովոն հնարավորություն կստանա ներկայացված լինել բոլոր հիմնական միջազգային կառույցներում:

Բանագնացը դեռ անցած շաբաթ հայտարարել է, թե իր առաջարկը «արդար է եւ հավասարակշռված»: Ըստ Ահտիսաարիի, իր ծրագրի հիմնական նպատակներից մեկը «Կոսովոյում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ու բազմազգ Կոսովոյի ստեղծումն է»:

Սերբական կողմը, թեեւ պաշտոնապես դեռ չի ստացել Ահտսիսաարի կազմած փաստաթղթի տեքստը, արդեն իսկ կտրուկ հայտարարություններով է հանդես գալիս:

Բանակցություններում Սերբիան ներկայացնող Սլոբոդան Սամարջիչը երկրի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է, թե պաշտոնական Բելգրադը «որեւէ պարագայում չի բանակցելու Կոսովոյի անկախության խնդրի շուրջ»:

Սերբիայի վարչապետ Վոիսլավ Կոշտունիցայի խոսքերով, «Սերբիան կխզի դիվանագիտական հարաբերությունները բոլոր այն պետությունների հետ, որոնք կճանաչեն Կոսովոյի անկախությունը»:

Սակայն այսօր Բելգրադում Մարտի Ահստիսաարին կբանակցի միայն Սերբիայի արեւմտամետ նախագահ Բորիս Թաջիչի հետ. ազգայնականի համբավ ունեցող Կոշտունիցայի հետ հանդիպում նախատեսված չէ:

ՄԱԿ-ի բանագնացն այդ քայլը բացատրում է նրանով, որ Կոշտունիցան վարչապետի պարտականությունները կատարում է մինչեւ Սերբիայի նոր կառավարության վերջնական ձեւավորումը, ուստի լիիրավ վարչապետ համարվել չի կարող:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG