Մատչելիության հղումներ

Օրհան Փամուկը մեկնել է Միացյալ Նահանգներ


Թուրք գրող, գրականության 2006 թվականի Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը այսօր մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու մի շարք գիտաժողովների:

Գրողը թղթակիցներին հայտնել է, որ մեկնում է Նյու Յորք. իր ուղեւորությունը «մշակութային» բնույթ է կրում, մասնավորապես, նախատեսված են դասախոսություններ Կոլումբիայի համալսարանում եւ որոշ այլ հաստատություններում:

Թուրքական «Չիհան» լրատվական գործակալության վկայությամբ, Փամուկը Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայան է եկել թիկնապահի ուղեկցությամբ, որը նրա հետ մնացել է նաեւ հաշվառման ժամանակ:

Փամուկին պաշտոնապես թիկնապահներ են հատկացվել հունվարի 19-ին «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո:

Ինչպես եւ Դինքը, Փամուկը դատական հետապնդման է ենթարկվել «թուրքական ինքնությունը վիրավորելու համար»՝ Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով, քանի որ իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ 20-րդ դարի սկզբին Թուրքիայում մեկ միլիոն հայ է սպանվել:

Դինքի սպանությունը հրահրելու, սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթին զենք եւ փող տրամադրելու համար մեղադրվող Յասին Հայալը օրեր առաջ սպառնալիքներ էր ուղղել Օրհան Փամուկին:

Այս շաբաթվա սկզբին Օրհան Փամուկը անվտանգության նկատառումներից ելնելով չեղյալ է հայտարարել իր ուղեւորությունը Գերմանիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG