Մատչելիության հղումներ

Օրհան Փամուքը չեղյալ է հայտարարել Գերմանիա կատարելիք ուղեւորությունը՝ անվտանգության նկատառումներով


Թուրք առաջադեմ գրող, գրականության բնագավառում 2006 թվականի Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը չեղյալ է հայտարարել Գերմանիա կատարելիք ուղեւորությունը՝ զգուշանալով հնարավոր մահափորձից:

54-ամյա Փամուքին սպառնալիքներ են ուղղել թուրք ազգայնականները:

Ինչպես հաղորդում է DPA գործակալությունը, Փամուքի գերմանացի հրատարակիչը հաստատել է, որ ուղեւորությունը, որը պետք է մեկնարկեր ուրբաթ օրը Բեռլինի ազատ համալսարանում թուրք գրողին պատվավոր դոկտորի դիպլոմի շնորհմամբ, չեղյալ է հայտարարվել:

Գերմանական «Քյոլներ Շտադտ-Անցայգեր» թերթը գրում է, որ Օրհան Փամուքին մտահոգել է Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը: Փորձագետների կարծիքով, գրողին Գերմանիայում սպառնացող վտանգը ավելի մեծ չէ, քան Թուրքիայում է, սակայն Փամուքը ռիսկի կենթարկի իրեն՝ լքելով այն վայրը, որտեղ ապրում է:

Ինչպես եւ Հրանտ Դինքը, Փամուքը եւս դատական հետապնդման է ենթարկվել «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար՝ Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով, քանի որ հայտարարել էր, մասնավորապես, որ 20-րդ դարի սկզբին Թուրքիայում մեկ միլիոն հայ է սպանվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG