Մատչելիության հղումներ

Արման Բաբաջանյանի պաշտպանները Վճռաբեկ դատարանում վիճարկել են Վերաքննիչի վճիռը


«Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի պաշտպաններ Զարուհի Փոստանջյանը եւ Հայկ Ալումյանը բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ վիճարկելով Վերաքննիչ դատարանի վճիռը, որով ընդդիմադիր թերթի խմբագիրը զինծառայությունից խուսափելու համար դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման:

«Արման Բաբաջանյանի նկատմամբ պետք է անհապաղ դադարեցվի քրեական հետապնդումը, եւ նա պետք է ազատ արձակվի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Զարուհի Փոստանջյանը: - «Դրա հիմնավորումը այն է, որ այդ արարքը այլեւս դադարել է լինել քրեորեն հետապնդելի արարք»:

Փաստաբանը պարզաբանեց, որ բոլոր այն անձինք, ովքեր 1992-ից մինչեւ 2005 թվականները ընկած ժամանակահատվածում չեն ծառայել Հայաստանի զինված ուժերում, իրավունք ունեն դիմել միջգերատեսչական հանձնաժողովին եւ հայտնել, որ ցանկանում են, որպեսզի իրենց նկատմամբ կիրառվեն «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի դրույթները, եւ որ պատրաստ են մուծել սահմանված գումարը:

Զարուհի Փոստանջյանի մեկնաբանմամբ, խոսքը ոչ միայն այն դեպքերի մասին է, երբ մարդիկ կամավոր են ներկայանում. - «Նույնիսկ այն դեպքերում, եթե կա քրեական հետապնդում, եթե անձը գտնվում է հետախուզման մեջ, նույնիսկ այդ անձանց նկատմամբ կիրառվում են այս օրենքի դրույթները: Իհարկե, Արման Բաբաջանյանը դիմել է իր կամքով, իր ձեռքով է գրել դիմումը, խնդրել հանձնաժողովին, որի նախագահն է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որպեսզի իր դիմումը քննարկեն եւ օրենքին համապատասխան ընթացք տան»:

«1992 թվականի աշնանային զորակոչից մինչեւ 2005 թվականի աշնանային զորակոչը ընկած ժամանակահատվածում 27 տարին լրացած քաղաքացիների համար է այդ օրենքը: Արման Բաբաջանյանի 27 տարին լրացել է, Արման Բաբաջանյանի խուսափելը տեղի է ունեցել հենց այդ ժամանակահատվածում, այսինքն՝ նա այն անձն է, որի նկատմամբ պարտավոր էին տարածել այդ օրենքի դրույթները», - ասաց փաստաբանը՝ հավելելով. - «Այսինքն, եթե 2056 անձի նկատմամբ տարածվել է, ապա Արման Բաբաջանյանի նկատմամբ էլ չպետք է դրսեւորվեր խտրական մոտեցում, եւ Արման Բաբաջանյանի նկատմամբ պարտավոր էին տարածել այդ օրենքի դրույթները»:

Ավելի վաղ, «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչո՞ւ միջգերատեսչական հանձնաժողովը որոշում չի կայացրել Արման Բաբաջանյանի դիմումի վերաբերյալ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հետեւյալ պատասխանն էր տվել. - «Որոշում կայացվել է, եւ համարվել է, որ Արման Բաբաջանյանի գործը ենթակա չէ այդ հանձնաժողովի կողմից քննելու»:

«Որովհետեւ այդ հանձնաժողովը ստեղծվել է այն մարդկանց համար, ովքեր կամավոր ներկայանում են եւ ասում՝ «գիտեք, այս-այս պատճառներով ես խուսափել եմ զինծառայությունից, խնդրում եմ այս օրենքը կիրառել»: Իսկ ինչպես գիտեք, Արման Բաբաջանյանը այդպես չի վարվել», - պարզաբանել էր նախարարը եւ համոզմունք հայտնել, որ վերոհիշյալ օրենքը Բաբաջանյանի վրա չի տարածվում:


Շաքե Ավոյան եւ Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG