Մատչելիության հղումներ

Արման Կիրակոսյանը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնյայի հետ


Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը թուրքական կողմի նախաձեռնությամբ Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարության երկկողմ հարաբերությունների տնօրինության գլխավոր տնօրեն, դեսպան Ռեշեդ Ումանի հետ: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության ղեկավարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը:

«Դրական մթնոլորտում անցած հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների դիրքորոշումները, հայ-թուրքական հարաբերություններում տեղաշարժ արձանագրելու հնարավորությունները»,֊ - ասել է խոսնակը:

Միաժամանակ նա նշել է, որ «քննարկված հարցերի շուրջ կողմերի մոտեցումներում տարաձայնությունները շարունակվում են պահպանվել». - Հայաստանի դիրքորոշումը` առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ մնում է անփոփոխ եւ մենք հույս ենք հայտնում, որ Թուրքիայի կողմից քայլեր կձեռնարկվեն առկա տարաձայնությունների հաղթահարման ուղղությամբ»:

Արման Կիրակոսյանը Ստամբուլ էր մեկնել մասնակցելու «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի հուղարկավորությանը: Դինքը սպանվել էր անցած շաբաթ խմբագրատան առջեւ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG