Մատչելիության հղումներ

Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել վեցերորդ կասկածյալին


Այսօր մեղադրանք է առաջադրվել Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով վեցերորդ կասկածյալին՝ համալսարանի ուսանող Էրհան Թունջելին, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես»-ը, չորս օր առաջ ձերբակալված Թունջելը մեղադրվում է սպանությունը սադրելու մեջ:

Մեկ այլ կասկածյալի մեղադրանք չի առաջադրվել, եւ նրան ազատ են արձակել:

Չորեքշաբթի օրը մեղադրանք էր առաջադրվել տրապիզոնցի 17-ամյա գործազուրկ Օգյուն Սամասթին՝ Դինքի սպանությունը կատարելու համար, նույնպես տրապիզոնցի 26-ամյա ազգայնական Յասին Հայալին՝ սպանությունը հրահրելու, Սամասթին փող եւ զենք տրամադրելու համար, եւ եւս երեք մարդու:

Թուրքական ոստիկանության հաղորդմամբ, Հայալի նկատմամբ նոր քննություն է սկսվել՝ կապված թուրք առաջադեմ գրող, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքի հասցեին ուղղած սպառնալիքների հետ:

Հայալը նախկինում 11 ամսով ազատազրկվել էր՝ 2004 թվականին Տրապիզոնում McDonalds ռեստորանի ռմբահարման գործով:

Ինչպես Հրանտ Դինքի, այնպես էլ Օրհան Փամուքի նկատմամբ դատական գործեր էին հարուցվել «թուրքական ինքնությունը վիրավորելու» հոդվածով՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակավ արտահայտվելու համար:

53-ամյա Հրանտ Դինքը սպանվել է հունվարի 19-ին՝ «Ակոս»-ի խմբագրատան դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG