Մատչելիության հղումներ

IP ծառայություններ մատուցող ընկերությունները դիմել են դատարան


Ինտերնետային հեռախոսակապի ծառայություններ մատուցող ընկերությունները դատական հայց են ներկայացրել «ԱրմենՏել» ընկերության եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դեմ՝ պահանջելով չխոչընդոտել իրենց գործունեությունը եւ վերանայել հանձնաժողովի հունվարի 8-ի որոշումը:

Հիշյալ որոշումը, որով «ԱրմենՏել»-ին իրավունք է տրվել լրիվ կամ մասնակիորեն սահմանափակել ինտերնետային հեռախոսակապ մատուցող ընկերությունների ծառայությունները, հանձնաժողովը հիմնավորել էր նրանով, որ IP հեռախոսակապի մենաշնորհը անցյալ տարվանից պատկանում է «ԱրմենՏել»-ին, իսկ մյուս ընկերությունները ծառայությունները մատուցել են առանց լիցենզիայի:

IP ծառայություններ մատուցող ընկերությունները, սակայն, համաձայն չեն այդ հիմնավորումներին, վկայակոչելով, որ լիցենզավորման որեւէ պահանջ իրենց երբեւէ չի ներկայացվել, նույնիսկ օրենսդրության մեջ գոյություն չունի որեւէ նորմ, որով սահմանվի կամ կանոնակարգվի ձայնային կապի ոլորտում նման ընկերությունների լիցենզավորման գործընթացը: Հաշվի առնելով օրենսդրական դաշտի այս բացը՝ տրանսպորտի եւ կապի նախարարությունը ժամանակին որոշում էր ընդունել, որ այդ ընկերությունների գործունեությունը չի հակասում «ԱրմենՏել»-ի մենաշնորհային շահերին:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման հիման վրա «ԱրմենՏել-ը իրավասու էր երեկվանից անջատել IP ծառայություններ մատուցող ընկերությունների հեռախոսահամարները:

Ինտերնետային հեռախոսակապի ծառայություններ մատուցող ամենախոշոր` «Ավրորա» ընկերությունը արդեն անջատել է իր հեռախոսահամարները, եւ ծառայության քարտերից օգտվող շուրջ 3 հարյուր հազար մարդիկ այլեւս չեն կարող դրանք օգտագործել:

Թեեւ մյուս ծառայությունների համարները դեռ չեն անջատվել, սակայն
«Ավրորա»-ն, չսպասելով «ԱրմենՏել»-ին, իր ծառայությունները դադարեցրել է ինքնակամ:

«Որպեսզի թյուրիմացության մեջ չընկնեն մեր բաժանորդները, մենք ենք անջատել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ընկերության ղեկավար Արթուր Երզնկյանը: - «Դիմել ենք հանձնաժողովին, որ վերանայի իր որոշումը,սպասում ենք պատասխանի, մեր դիմումը չբավարարելու դեպքում նոր կդիմենք դատարան»:

IP ծառայություններ մատուցող ընկերությունները դիմել էին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ պահանջելով վերանայել կամ ժամանակավորապես կասեցնել հունվարի 8-ի որոշման ուժի մեջ մտնելը: Եվ մինչ «Ավրորա»-ն սպասում է հանձնաժողովի պատասխանին, մյուս ընկերություններն արդեն ստացել են բացասական պատասխան, եւ ընկերությունների կազմկոմիտեն հինգշաբթի օրը դիմել է դատարան:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG