Մատչելիության հղումներ

Աբդուլա Գյուլ. «Թուրքիան պատրաստ է բարիդրացիական կապեր հաստատել Հայաստանի հետ»


«Թուրքիան պատրաստ է բարիդրացիական կապեր հաստատել Հայաստանի հետ», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը:

Երեկ Փարիզ մեկնելուց առաջ Անկարայի օդանավակայանում պատասխանելով Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր զարգացումներին առնչվող հարցին՝ Գյուլը ասել է. - «Թուրքիան ձգտում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել իր բոլոր հարեւանների հետ՝ հիմնված փոխադարձ վստահության եւ հարգանքի վրա, եւ մենք ցանկանում ենք կապեր հաստատել նաեւ Հայաստանի հետ»:

Turkish Daily News-ի փոխանցմամբ, Գյուլն ընդգծել է, թե իր երկիրը թշնամանք չի տածում հարեւաններից որեւէ մեկի նկատմամբ, «սակայն բարիդրացիական հարաբերությունների հաստատումը հնարավոր է միայն երկկողմ քայլերի դեպքում»:

«Հայաստանը պետք է վերանայի իր մտքերը եւ զգացմունքները Թուրքիայի նկատմամբ», - հայտարարել է թուրք նախարարը:

«Հայաստանից ներկայացուցիչներ եկան [Դինքի հուղարկավորությանը] եւ տեսան՝ Թուրքիան թշնամանք չունի որեւէ մեկի նկատմամբ», - ասել է Գյուլը:

Միաժամանակ, Թուրքիայի արտգործնախարարի խոսքերով, «Հայաստանը չպետք է անարդարացի պահանջներ ներկայացնի Թուրքիային», ինչպիսին նա համարում է Հայոց ցեղասպանություն ճանաչման պահանջը: Գյուլը վերստին հնչեցրել է ցեղասպանության հարցը ուսումնասիրելու համար հայ եւ թուրք գիտնականների համատեղ հանձնաժողով ստեղծելու՝ իր կառավարության առաջարկը:

«Այս տարածաշրջանում թշնամանքին տուրք տալուց որեւէ օգուտ չկա», - ամփոփել է Թուրքիայի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG