Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետը այցելել է Դինքի ընտանիքի անդամներին եւ Հայոց պատրիարքարան


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ այցելել է «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի ընտանիքի անդամներին եւ Հայոց պատրիարքարան:

Հայոց պատրիարքարանում Էրդողանը հանդիպել է Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հետ: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է պատրիարքարանի խոսնակ Լուիզ Բաքարը, առանձնազրույցը տեւել է 15 րոպե:

Թուրքիայի վարչապետը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:

Չորեքշաբթի օրը Հրանտ Դինքի ընտանիքի անդամներին է այցելել նաեւ Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Նա Դինքի այրուն է փոխանցել արտգործնախարար Վարդան Օսկանյանի նամակը, որտեղ, մասնավորապես, ասված է. - «Հայերն ու թուրքերը միասին կարող են հասնել Հրանտի ցանկությանը` սահմաններից այն կողմ խաղաղություն տեսնել, ժողովուրդների միջեւ երկխոսության ու անհատների միջեւ փոխըմբռնման հասնել: Իրոք, մենք պատասխանատվություն ենք կրում դրան հասնելու համար, որպեսզի իմաստավորվի Հրանտի մահը, ճիշտ այնպես, ինչպես շատերի համար իմաստավորվել ու կարեւորվել էր նրա կյանքը: Մենք ավելի մեծ պատասխանատվություն ենք կրում` ապահովելու, որպեսզի այն կյանքը, որը մենք միասին ենք ապրում նույն տարածաշրջանում, խաղաղությամբ ու փոխըմբռնմամբ լի կյանք լինի»:

Արման Կիրակոսյանը Ստամբուլում վերահաստատել է, որ «Հայաստանը պատրաստ է դիվանագիտական կապեր հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG