Մատչելիության հղումներ

«Լուրջ ընտրախախտումների դեպքում կարող է վերանայվել Հայաստանի մասնակցությունը «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրին»


Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնակատար Էնտոնի Գոդֆրին այսօր հայտարարեց, որ եթե գալիք խորհրդարանական ընտրություններն անցնեն լուրջ թերություններով, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան կարող է արտահերթ վերանայել Հայաստանի մասնակցության հարցը:

«Ցանկացած ցուցանիշի մասով կտրուկ անկումը կարող է հանգեցնել հետագա մասնակցության վերանայմանը», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ չորեքշաբթի օրը ասաց Գոդֆրին: - «Բայց ես լավատես եմ եւ կարծում եմ, որ այս տարի այդպիսի բան չի լինի: Մենք ուզում ենք, որ այս ծրագիրը հաջողություն ունենա եւ առաջ շարժվի»:

«Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով Հայաստանը 236 մլն դոլարի անհատույց օգնություն է ստանալու Միացյալ Նահանգների կառավարությունից: Ծրագրի նախապայմանը, ըստ դիվանագետի, այն է, որ Հայաստանը պետք է «շարունակաբար ցույց տա բարեփոխումները շարունակելու իր պատրաստակամությունը»:

Նրա խոսքերով, ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր երկիր ունի ցուցանիշների իր թերթիկը` երեք ոլորտների վերաբերյալ. տնտեսական ազատություններ, մարդկային կապիտալում ներդրումներ եւ արդարացի կառավարում: Վերջին ոլորտում արձանագրված ցուցանիշների վերաբերյալ, ինչպես նաեւ քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների մասով, ըստ Գոդֆրիի, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի խորհուրդը մտահոգություն է հայտնել:

«Մենք խրախուսում ենք Հայաստանի կառավարությանը, որպեսզի նա մշակի մի ծրագիր այս թերությունները շտկելու համար», - ասաց նա` հավելելով, որ իրենց համար մտահոգիչ են նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում արձանագրված ցուցանիշները:

Գոդֆրին, այդուհանդերձ, հավելեց, որ Հայաստանի կառավարությունը լուրջ պարտավորություններ է ստանձնել այս մասով, եւ իրենք ակնկալում են, որ դրանք կիրականացվեն, ու կոռուպցիայի դեմ ավելի ակտիվ պայքար կտարվի:

Անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի նշանակման հարցին` Էնտոնի Գոդֆրին ասաց. - «Մեր երկկողմ հարաբերությունների համար չափազանց կարեւոր է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի նշանակումը: Հայաստանի կառավարությունը արդեն իր համաձայնությունը հայտնել է ԱՄՆ-ի նախագահի առաջադրած թեկնածուի կապակցությամբ: Այժմ իր խոսքը պետք է ասի Միացյալ Նահանգների սենատը: Մենք հուսով ենք, որ այդ որոշումը արագ կկայացվի»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG