Մատչելիության հղումներ

Ամերիկացի կոնգրեսականը Դինքի սպանությունը դատապարտող օրինագիծ կներկայացնի


ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ, հանրապետական Ջոզեֆ Քրոուլին այս շաբաթ Ներկայացուցիչների պալատին կներկայացնի Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւի նախագիծ:

Բանաձեւը կոչ է անում խստագույնս դատապարտել հայազգի լրագրողի սպանությունը, հորդորել Թուրքիային՝ շարունակել գործի քննությունը եւ դատարանի առջեւ կանգնեցնել սպանության համար պատասխանատու անձանց:

Նախագիծը նաեւ կոչ է անում Թուրքիային՝ պատշաճ քայլեր ձեռնարկել երկրում խոսքի ազատության պաշտպանության ուղղությամբ՝ Քրեական օրենսգրքից հանելով 301-րդ հոդվածը, որով քրեական պատիժ է սահմանված Հայոց ցեղասպանության մասին հրապարակավ արտահայտվելու համար:

Ինչպես հաղորդում են Ամերիկայի հայկական համագումարից, ակնկալվում է, որ այս շաբաթ ավելի ուշ նույնպիսի բանաձեւ կներկայացվի Սենատին:

Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին կազմակերպության անունից երախտագիտություն է հայտնել կոնգրեսական Քրոուլիին՝ «այդ արգահատելի հանցագործությունը դատապարտող օրինագիծը ներկայացնելու համար»:

«Հրանտ Դինքի մահը պետք է սթափեցնող կոչ լինի Թուրքիային՝ ավելի մեծ ուշադրություն դարձնել իր հասարակությունում ներքին փոփոխություններին», - ընդգծել է Բրայան Արդունին եւ հավելել. - «Միացյալ Նահանգները պետք է կրկնապատկի իր ջանքերը եւ հորդորի Թուրքիային անել ավելին, քան իր օրենքները բարեփոխելու մասին հավաստիացումներն են»:

«Վաղուց ժամանակն է, որպեսզի Թուրքիան լուրջ քայլեր ձեռնարկի՝ բարեփոխելու իր օրենքները, քանի դեռ որեւէ այլ մարդ չի կորցրել իր կյանքը ճշմարտությունն ասելու համար», - հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG