Մատչելիության հղումներ

«Նյու Յորք Թայմս». «Հայ խմբագրի մահը տանում է հաշտեցման»


«Անցած շաբաթ Ստամբուլում թուրքահայ խմբագրի սպանությունը եւ Թուրքիայում դրա հարուցած վիշտը հանգեցնում են հաշտեցման հազվադեպ ժեստերի՝ պատմական թշնամիներ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, եւ թուրքական ինքնությունը պաշտպանող օրենքների փոփոխման կոչերի», - գրում է «Նյու Յորք Թայմս» թերթը այսօր հրապարակած հոդվածում:

Թերթը նշում է, որ հայ քաղաքական գործիչները եւ հոգեւորականները ընդունել են Թուրքիայի կառավարության հրավերը՝ մասնակցելու երիտասարդ մոլեռանդ ազգայնականի կողմից սպանված «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի հուղարկավորության արարողությանը:

«Չնայած այն փաստին, որ հայ թուրքական սահմանը փակ է 1993 թվականից ի վեր եւ դիվանագիտական հարաբերություններ չկան, Հայաստանը հուղարկավորության արարողությանը ուղարկում է արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանին, Ամերիկայի հայկական եկեղեցու արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանը նույնպես ընդունել է արարողությանը մասնակցելու՝ կառավարության հրավերը», - գրում է թերթը: - «Ակնկալվում է, որ թուրք բարձրաստիճան կառավարական պաշտոնյաներ եւս մասնակցելու են հուղարկավորությանը»:

«Դինքը խոսքի ազատության հետեւողական պաշտպան էր եւ այլ մտավորականների թվում հետապնդվում էր «թուրքական ինքնությունը» վիրավորելու համար ու դատապարտվել էր 6 ամսվա ազատազրկման՝ թեեւ նրա պատժի կրումը հետաձգվել էր», - ասված է հոդվածում: - «Կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից խորհրդարանի նախագահ Բյուլենթ Առընջը հայտարարել է, որ կպաշտպանի հայտնի 301-րդ հոդվածը վերացնելու ջանքերը, որով հետապնդվում էր Դինքը»:

«Կարող է քննարկվել 301-րդ հոդվածը ամբողջությամբ վերացնելու կամ լիովին վերանայելու հարցը», - ասել է Առընջը: - «Խորհրդարանի անդամները պատրաստ են [քննարկմանը]»:

«Հայերի մեծ մասն ապրում է Ստամբուլում», - գրում է «Նյու Յորք Թայմս»-ը: - «Սակայն Դինքի սպանությանը հաջորդած հակաազգայնական ցույցեր տեղի ունեցան նաեւ տարբեր այլ վայրերում, ինչպես՝ Էգեյան ծովի ափամերձ Իզմիրում, որը Թուրքիայի՝ մեծությամբ երրորդ քաղաքն է, Սիրիայի հետ Թուրքիայի արեւմտյան սահմանին մերձակա Սանլիուրֆայում եւ Հաթայում»:

«Հանրային կարծիքը երկու երկրներում, հոգնած երկարամյա դիմակայությունից, հասել է պոռթկման կետին: Ահա թե ինչն է Դինքի համար զանգվածային սգի պատճառը», - հայտարարել է Թուրք-հայկական գործարարության զարգացման հանձնաժողովի տնօրեն Քաան Սոյաքը:

«Շատերը Դինքի մահվան համար մեղավոր են համարում 301-րդ հոդվածը եւ գտնում են, որ այն խոչընդոտում է Թուրքիայում խոսքի ազատությունը», - ամփոփում են հոդվածի հեղինակները:

Երկու հոդվածագիրները՝ Սյուզան Ֆոուլերը եւ Սեբնեմ Արսուն, նույն թեմային անդրադարձել են մեկ այլ հեղինակավոր թերթում՝ «Ինթերնեյշնըլ Հերալդ Թրիբյուն»-ում՝ «Հուղարկավորության թուրքական հրավեր՝ հայերին» վերնագրի ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG