Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայաստանի Հանրապետություն»-ը տեղեկացնում է. - «Ռուս ուղղափառ եկեղեցու միջազգային հիմնադրամը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մրցանակ է շնորհել «Ուղղափառ ժողովուրդների միասնության ամրապնդման գործում ունեցած նշանակալի ներդրման համար»: Ըստ թերթի, այդ մրցանակին արժանացել են նաեւ Լեհաստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդը, ՄԱԿ-ի վեցերորդ գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալին եւ «Գազպրոմ» ընկերությունը:

«168 ժամ» թերթի փոխանցմամբ, հայտնի է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համար մրցույթը անցկացնող հանձնաժողովի ղեկավարը՝ նա Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանն է:

«Հրանտ Դինքն իր գործունեությամբ կարողացավ ապացուցել շատ կարեւոր բան. կարելի է հավասարապես նվիրված լինել թե՛ հայ ազգին եւ թե՛ թուրքական պետությանը, եւ այդ «նվիրվածությունների» միջեւ հակասություն չկա», - գրել է այսօր «Առավոտ»-ի խմբագրականն ու հավելել. - «Ցավոք, այդ պետությունը, ի դեմս նրա քաղաքական վերնախավի եւ իշխանության, ամեն կերպ դիմադրում է այդ առաջընթացին: Հարեւան երկրում ստեղծվել է ազգայնամոլության, անհանդուրժողականության մթնոլորտ, որի զոհը դարձավ հայ լրագրողը: Իսկ այդ մթնոլորտի համար պատասխանատուն, իհարկե, նախեւառաջ, Թուրքիայի իշխանություններն են»:

Հրանտ Դինքի սպանության դրդապատճառների շուրջ իր տեսակետը ներկայացնելով` Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում ասել է. - «Այն, ինչ տեղի ունեցավ Ստամբուլում, հենց երկրում սարսափի մթնոլորտ ստեղծելու նպատակ էր հետապնդում։ Ինչո՞ւ չէ, նաեւ ակնարկ էր Թուրքիայում ապրող հայերին, ընդհանրապես, հայ համայնքին՝ սահմանափակելու իրենց ակտիվությունը Ցեղասպանության ճանաչման հարցում։ Այդ ակտիվությունը թուրքական պետությանը լրջորեն անհանգստացնում էր, եւ թուրք ծայրահեղականները որոշեցին հասցնել այդ հարվածը՝ սաստելու համար թե՛ սեփական այլախոհներին, թե՛ հայկական լոբբիստական կազմակերպություններին»։

Հրանտ Դինքին «հայ-թուրքական ազգայնամոլության զոհը» համարելով` «Ժամանակ-Երեւան» թերթի մեկնաբանն ընդգծել է. - «Դինքի սպանությանը հաջորդած ժամանակահատվածը իրականում ի ցույց է դնելու հայ եւ թուրք հասարակությունների՝ միմյանց նկատմամբ հանդուրժողականության աստիճանը եւ պատրաստակամությունը՝ չսրել առանց այդ էլ անորոշ հարաբերությունները։ Ստամբուլի եւ Անկարայի փողոցներ դուրս եկած հազարավոր թուրքերի բողոքների երթերն ու հավաքները Թուրքիայում ազատ խոսքի եւ ազատ մտքի՝ Դինքի սկզբունքների հաստատման անհրաժեշտությունն էին մատնանշում եւ ըստ էության ազգայամոլությունն էին դատապարտում: Այս օրերին Երեւանում եւս բողոքի երթեր են անցկացվում ու արդեն հնչել են ազգայնամոլական հայտարարություններ, որոնց «հայկական տարբերակի» դեմ էր պայքարում Դինքը Թուրքիայում եւ դրա զոհը դարձավ»։

Փաստելով, որ «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության եւ դրան հաջորդած օրերին Հայաստանի «հեռուստաընկերություններից ոչ մեկը չհրաժարվեց ուրախ ծրագրերից ու հաղորդումներից»` «Ազգ» թերթի մեկնաբանն այսօր արձանագրել է. - «Ցավալի է, բայց իրողություն, որ ճանաչված լրագրողի ու հայի սպանությանը համարժեք վերաբերմունք չարտահայտվեց: Այդ արձագանքը նույնքան թափթփված ու անկազմակերպ էր, ինչ մենք սովորաբար ցուցաբերում ենք մեծ ու փոքր արտակարգ պատահարների ժամանակ»: «Տպավորությունն այնպիսին է, որ ոճրագործությունը հեռուստաընկերություններին հետաքրքրել է ընդամենը իբրեւ օպերատիվ լրատվության ենթակա իրադարձություն: Ողբերգությունը նյարդերով զգալու դեպքում, անկասկած, այդպես չէին վարվի: Կամ գուցե մեր հասարակությունը, որի պատկերը նաեւ հեռուստաընկերություններն են, պարզապես ընկել է անտարբերության վտանգավոր թմբիրի՞ մեջ», - բխեցրել է մեկնաբանը:

Անդրադառնալով նույն թեմային` «168 ժամ»-ը գնահատել է. - «Դինքի սպանությունը մարդկային ողբերգություն էր: Սպանվեց մարդ, ով իսկապես մտավորական էր, ով ցանկանում էր նպաստել թուրքական եւ հայկական հանրային գիտակցության վերափոխմանը եւ այդկերպ մոտեցնել այն օրը, երբ երկու ժողովուրդներն էլ վերջապես կհասկանան, որ հարեւաններն ապագա չունեն, եթե ատելությամբ են լցված միմյանց հանդեպ: Անգամ իր ողբերգական մահով նա շատ ավելին արեց այս նպատակի ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, քան մենք ինքներս»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG