Մատչելիության հղումներ

«Թուրքահայ համայնքը շոկի մեջ է»


«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, «Ակոս»-ի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը Ստամբուլի հայ համայնքում «շոկ եւ վրդովմունք է առաջացրել»: Համայնքի ներկայացուցիչներից շատերը խոսում են ազգայնամոլական տրամադրությունների աճի մասին եւ չեն բացառում, որ հնարավոր են նմանօրինակ նոր հարձակումներ:

Հազարավոր հայեր, թուրքեր եւ այլ ազգերի ներկայացուցիչներ Ստամբուլի կենտրոնում գտվող «Ակոս»-ի խմբագրատան մոտ մոմեր են վառել:

«Մենք կարծում էինք, այս ամենն արդեն անցյալում է, բայց առ այսօր կան մարդիկ, ովքեր ուզում են մեզ սպանել միայն այն բանի համար, որ մենք հայ ենք», - «Ռոյթերզ»-ի թղթակցին ասել է 56-ամյա ստամբուլցի հայ խառատ Արդաշ Չավուսանը:

60 հազարի հասնող թուրքահայերի շրջանում կա վախի զգացում, շատերը ենթադրում են, որ կլինեն նոր բախումներ: «Ռոյթերզ»-ը նշում է, որ թուրքահայերն ավանդաբար խուսափում են հրապարակավ քննարկել այնպիսի նուրբ ու զգացական թեմա, ինչպիսին ցեղասպանությունն է:

«Կառավարությունը պարտավոր է գործել: 0սմանյան կայսրության օրերից հայերին սպանել են, այսօր էլ է դա կրկնվում, Հրանտն ընդամենը վերջին զոհն է», - ասել է Մահիլ Չալիս անունով 33-ամյա ստամբուլցի մանածագործ մի բանվոր` հավելելով. - «Թուրքիայի կառավարությունը պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. դա այլեւս խղճի հարց է»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG