Մատչելիության հղումներ

Թուրքական մամուլը եւ առաջադեմ հանրությունը դատապարտում են Հրանտ Դինքի սպանությունը


«Հրանտ Դինքը՝ Թուրքիան է».֊ այսպիսի մեծադիր վերնագրով է շաբաթ օրը լույս տեսել «Միլիեթ»-֊ը:

«Մարդասպանը ազգի դավաճան էր» վերնագիրն է իր առաջին էջում զետեղել «Հուրիեթ»֊-ը, իսկ «Սաբահ»-֊ը խոշոր տառերով գրել է՝ «Մեծագույն դավաճանությունը»:

«Անատոլիա» գործակալությունը մեջբերել է թուրք գրող, գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքի հետեւյալ խոսքերը. - «Նրա [Դինքի] մահվան համար պատասխանատու են նրանք, ովքեր նրա դեմ արշավ էին սանձազերծել, նրանք, ովքեր նրան թուրքերի թշնամի էին հռչակել եւ թիրախ դարձրել»:

Իսկ առաջատար թուրք մեկնաբան Մեհմեդ Ալի Բիրանդը, որը ժամանակին հարցազրույց է վերցրել Ռոբերտ Քոչարյանից, «Թըրքիշ դեյլի նյուս» թերթում շաբաթ օրը գրել է . - «Հրանտ Դինքը խորհրդանշում էր հանդուրժողականությունը: Նրանք, ովքեր կրակեցին Դինքի վրա, չէին էլ հասկանում, որ կրակել են նաեւ Թուրքիայի վրա»:

Թուրքական մամուլը նաեւ մեջբերում է Հրանտ Դինքին, որը բազմաթիվ սպառնալիքներ ստանալով, իր վերջին խմբագրականում գրել էր.֊ - «Ես շրջում եմ Ստամբուլով աղավնու նման՝ մեկ աջ եմ նայում, մեկ ձախ, մեկ առաջ եմ նայում, մեկ հետ»:

Դինքի սպանությունը դատապարտող բազմամարդ ակցիաներ են անցկացվում Ստամբուլում՝ «Ակոս» թերթի խմբագրատան դիմաց եւ քաղաքի կենտրոնական հրապարակում, Թուրքիայի այլ քաղաքներում, Հայաստանում, ինչպես նաեւ աշխարհի տարբեր երկրներում՝ տեղի հայ, թուրք եւ այլ ազգային համայնքների կողմից:

«Ասոշիեյթեդ փրես»֊-ը տեղեկացնում է, որ Հրանտ Դինքի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի օրը Ստամբուլի Սուրբ Մարիամ եկեղեցում: Նրա աճյունն ամփոփվելու է Բալիքլի հայկական գերեզմանատանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG