Մատչելիության հղումներ

Ռոբեր Հատտեճյան. «Հրանտ Դինքին պատահածը հարված է մեզ բոլորիս»


«Անչափ ցնցված եմ, որովհետեւ մեր պաշտոնակցին պատահածը հարված է մեզ բոլորիս: Սա հարված է ոչ միայն Հրանտ Դինքին, այլեւ ամբողջ հայ մամուլին, հայկական հարցերով զբաղվողներից ավելի՝ մասնավորաբար այս երկրի մամուլին եւ այս երկրի ժողովրդավարական կարգավիճակին», - հայտարարեց Ստամբուլի «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատտեճյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում մեկնաբանելով «Ակոս» թերթի խմբագրապետի սպանությունը:

«Կարծում եմ, որքան էլ մեր համայնքը ցնցվի, հանրային կարծիքը շատ ավելի պետք է ցնցվի այս ոճրի դիմաց», - շեշտեց ստամբուլահայ մտավորականը:

«Մարմարա»-ի խմբագրապետը նշեց, որ Դինքը «ընդհանրապես ընթացք էր տալիս հեռուստատեսությունից կամ մամուլից եղած բոլոր հրավերներին, մի քիչ շատ հաճախ հեռուստատեսությամբ, ուղիղ եթերով հաղորդումների էր մասնակցում եւ բավական խիզախ ելույթներ էր ունենում»

«Ընդհանրապես, նա «ցեղասպանություն» բառը հանգիստ գործածող առաջին հայ մտավորականը եղավ [Թուրքիայում], որովհետեւ անպատեհություն չտեսավ կամ խոսքի ազատության պայմաններից մեկը նկատեց այդ ուղղությամբ խոսելը», - ասաց Ռոբեր Հատտեճյանը եւ հավելեց. - «Իրականում, այսպիսի կեցվածք ունենալով հանդերձ, Հրանտ Դինքը՝ ողբացյալ մեր ընկերը, ընդհանրապես թուրքերին եւ Թուրքիային ի նպաստ ելույթներ էլ էր ունենում հաճախ, որովհետեւ նրա բուն նպատակը երկուսի միջեւ մերձեցում ստեղծելն էր, իր անձնական տեսակետներն ուներ, իր համոզմունքներն ուներ»:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG