Մատչելիության հղումներ

Լոս Անջելեսում կբացվի Համաշխարհային հայկական կոնգրեսի մասնաճյուղ


Լոս Անջելեսում շուտով կհաստատվի Համաշխարհային հայկական կոնգրեսի մասնաճյուղը։ Այս մասին Գլենդեյլի «Հիլթըն» հյուրանոցում հրավիրած ճաշկերույթ-հանդիպման ժամանակ հայտարարեց Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ռուսաստանաբնակ խոշոր գործարար, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

«Կոնգրեսը մասնաճյուղեր ունի աշխարհի ավելի քան 100 քաղաքներում, եւ ժամանակն էր, որ Ամերիկան, որը հայաշատ ամենամեծ համայնքն ունի, նույնպես ունենար կազմակերպության մասնաճյուղ», - ասաց Աբրահամյանը։

Ռուսաստանի հայերի միության նախագահը իր ելույթում շեշտեց տարբեր կազմակերպությունները համախմբելու կարեւորությունը, որպեսզի «հայերիս հուզող յուրաքանչյուր հարց լուծվի համատեղ ջանքերով` զերծ մնալով քաղաքականությունից»։

«Այսօր կարողանում ենք ազդել Ռուսաստանի իշխանությունների վրա, եւ կարեւոր է, որ համատեղ ջանքերով ավելի մեծ ազդեցություն ունենանք ԱՄՆ-ի իշխանությունների վրա», - ասաց Արա Աբրահամյանը:

Նա ասաց, որ ծրագիր կա այս տարի կազմակերպության մասնաճյուղ բացել նաեւ Բելգիայում։ Այս տարի ծրագրված է Համաշխարհային հայկական կոնգրեսի կենտրոնը Մոսկվայից տեղափոխել Հայաստան։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են իրեն տեսնել Հայաստանի վարչապետի պաշտոնում, Արա Աբրահամյանը պատասխանեց, որ ինքը նման որոշում կամ մտադրություն չունի եւ իր մասին որոշումներ կայացնում է միայն ինքը։

Հանդիպմանը հրավիրված էին հայկական տարբեր կազմակերպությունների անդամներ, Գլենդեյլի քաղաքապետարանի հայ պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, հայկական թերթերի աշխատակիցներ, իրավաբաններ, հոգեւորականներ, Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության անձնակազմը` գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանի գլխավորությամբ։


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG