Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը հայտնում է, որ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ոչ միայն գլխավորելու է իր կուսակցության համամասնական ցուցակը, այլեւ մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Երեւանում: Կուսակցությունը մեծամասնականով եւս 12 թեկնածուներ է առաջադրելու. թերթի տեղեկություններով, նրանց մեջ են Սմբատ Այվազյանը, Սուրեն Աբրահամյանը, Գեղամ Հարությունյանը, Ռաֆիկ Մկրտչյանը:

«Ժամանակ Երեւան»-ը գրում է. - «2000 թվականից Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Ալիկ Սարգսյանը վերջին շրջանում սիրում է կրկնել, որ այլեւս ինքն է աշխատելու Արարատի մարզպետ»: «Արարատի մարզը այս ամբողջ ընթացքում փաստացի ղեկավարել է տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, իսկ Սարգսյանը ընդամենը հլու-հնազանդ կատարել է նրա հրահանգները», - պնդում է թերթը եւ եզրակացնում. - «Ալիկ Սարգսյանի մոտ անկախական տրամադրություններ ի հայտ են եկել այն բանից հետո, երբ սկսել է ընկերություն անել վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդու՝ Տարոնի հետ, եւ հասկացել, որ կարող է բարձրագույն իշխանության հետ շփվել անմիջականորեն, առանց Աբրահամյանի միջնորդության»:

«Առավոտ»-ի խմբագրականը, համադրելով ներկա եւ խորհրդային ժամանակների ընդհանուր իրողությունները, մատնանշել է նաեւ տարբերությունները. - «Օրինակ, Բրեժնեւի ժամանակ չկար ընդդիմություն։ Բայց այն, ինչ այսօրվա Հայաստանում կոչվում է «ընդդիմություն», շատ նման է այն «ոչ իշխող կուսակցություններին», որոնք նույն ժամանակահատվածում գործում էին, ասենք, Լեհաստանում կամ ԳԴՀ-ում։ Իսկ «ընտրությունների» մեխանիզմը մոտավորապես նույնն է մնացել։ Մասնավորապես, այս մայիսի 12-ին ընտրական տեղամաս կգնան ճնշող մեծամասնությամբ նրանք, ում հասցրել են կաշառել Քոչարյանի նշանակած կուսակցությունները։ Մնացած ընտրողները պարզապես չեն գնա... Այդ դեպքում իշխանությունն ստիպված կլինի (ինչպես Գալուստ Սահակյանն էր ակնարկում) թվեր նկարել... «ընդդիմության» համար»։

Առաջիկայում «բացառիկ դժվար, նյարդային ու ծանր տարի» կախատեսելով` «Հայոց Աշխարհ» թերթի խմբագրականն այսօր բացատրել է. - «Չնայած իշխանությունը ամեն կերպ փորձում է ցույց տալ, թե ամեն ինչ ընթանում է իր հունով, դա չգիտես ինչու մինչեւ վերջ չի վերացնում անհանգստությունը։ Նույնիսկ կայացած, դարավոր ժողովրդավարություններում խորհրդարանական ընտրությունները կարող են փոխարկվել ճգնաժամի։ Իսկ Հայաստանի համար յուրաքանչյուր ընտրություն փաստորեն գոյատեւման քննություն է: Կենսական կարեւորության հարցերում հստակության բացակայության հետեւանքով խմբերը գզվռտվում են խավարի մեջ՝ իրավիճակը հսկողության տակ առնելու փորձերի ընթացքում հարվածներ հասցնելով հայտնի չէ, թե ում»։ «Ըստ էության, յուրաքանչյուրը ներկայումս պաշտպանում է միայն սեփական շահերը եւ դեմ է մնացած բոլորին», - բխեցրել է խմբագիրը։

«Զգուշացեք, ՀՀԿ-ի դռները փակվում են» վերնագրի տակ «Իրավունք» թերթն այսօր փոխանցել է. - «Այս օրերին Հանրապետականի վերնախավը` ի դեմս Անդրանիկ Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի, զբաղված է կուսակցության համամասնական ընտրացուցակը կազմելու խիստ պատասխանատու գործով: Նրանք միմյանց հետ քննարկում են, թե ինչպես պետք է անեն, որ հա’մ շատ կուսակիցների չնեղացնեն, հա’մ նախագահ Քոչարյանին դուր գա ցուցակը, որ հանկարծ չթարսվի ու մի անակնկալ չմատուցի, հա’մ էլ այնպիսի ցուցակ լինի, որ քիչ քննադատեն»: «Մի խոսքով` ՀՀԿ-ում նախընտրական այս շրջանում ներքին մի գաղջ մթնոլորտ է», - գրել է թերթն ու հավելել. - «Ամեն ինչ լղոզված է, կուսակցականներն իրար տակ են փորում: Կամ, ինչպես իրենք են ասում` կուսակցական բոչկաներ են գլորում իրար վրա, նեղում են մի քիչ ավելի երիտասարդներին, որոնց մեջ կան դեռ ոչ հմուտ սողուններ` միայն թե այս գումարման խորհրդարանում մանդատ ունենան: Իսկ այն հանրապետականները, ովքեր արդեն դոբրո ստացել են անձամբ Սերժ Ազատիչից, ազատ ֆռֆռում են, խորհուրդներ են տալիս նրանց, ում գործերը լավ չեն, ու բարեգործություններ կատարում»:

Փորձելով ստուգաբանել հայաստանյան ընդդիմության բնույթը` «Չորրորդ իշխանություն» թերթի մեկնաբանն այսօր ընդգծել է. - «Հայաստանի քաղաքական վիճակն այսպիսին է. մարդկանց մի խումբ զավթել է իշխանությունը եւ վայելում է դրա բարիքները, մարդկանց մի քանի այլ խմբեր էլ փորձում են նրանցից խլել այդ իշխանությունը եւ իրենք վայելել»։ Այնինչ, ըստ մեկնաբանի, «Հայաստանում ընդդիմության հաղթանակ կարելի է արձանագրել միայն այն դեպքում, եթե հաղթի ընդդիմադիր մտածողությունը, իսկ այդպիսի մտածողություն, ցավոք, գրեթե չկա։ Եվ հենց սա է պատճառը, որ նույնիսկ ամենաթունդ ընդդիմադիրներն են մեկ-մեկ իշխանություններից փող վերցնում»։

«Տիտանների կռիվ» վերնագրի տակ «Հայկական ժամանակ»-ն այսօր փոխանցել է, թե «Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում ակնհայտորեն իրար հետ խաչվելու են մի շարք օլիգարխների շահեր: Այսօրինակ վիճակի նախաշեմին են հայտնվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը: Խնդիրն այն է, որ, ըստ իշխանական քվոտավորման, Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքը տրվել է ԲՀԿ-ին: Սակայն այստեղ, ըստ ամենայնի նաեւ ՀՀԿ-ի խրախուսմամբ, մտադիր է իր թեկնածությունն առաջադրել նաեւ Հրանտ Վարդանյանի որդին` ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը, եւ այստեղ սպասվում է բավական թեժ պայքար»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG