Մատչելիության հղումներ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները այսուհետ կարող են բողոքարկվել


Հայաստանի Սահմանադրական դատարանը երեքշաբթի օրը որոշեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները ենթակա են դատական կարգով բողոքարկման:

Հայցով Սահմանադրական դատարան էին դիմել Ազգային ժողովի 30 պատգամավորներ` պնդելով, որ սպառողին դատական կարգով բողոքարկման իրավունքից զրկելը հակասում է երկրի Սահմանադրությանը:

Դատարանի որոշումը հրապարակեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը. - «Առաջին` «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի երկրորդ նախադասությամբ ամրագրված դրույթը, համաձայն որի հանձնաժողովի սահմանած սակագների մեծությունները դատական կարգով փոփոխման ենթակա չեն, համապատասխանում է Սահմանադրությունը: Երկրորդ` «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի երկրորդ նախադասությամբ ամրագրված դրույթը, համաձայն որի հանձնաժողովի սահմանած սակագների մեծությունները դատական կարգով բողոքարկման ենթակա չեն, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող եւ անվավեր»:

Նշված հոդվածը բաղկացած է ընդամենը երկու նախադասությունից. - «Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերը կարող են բողոքարկվել դատական կարգով: Հանձնաժողովի սահմանած սակագների մեծությունը դատական կարգով բողոքարկման եւ փոփոխման ենթակա չէ»:

Այսպիսով, այսուհետ սպառողը կարող է դատարանում վիճարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները, որոնցով մատուցվող այս կամ այն ծառայության համար հանձնաժողովը սահմանել է սակագներ: Եթե դատարանը հիմնավոր համարի քաղաքացու ներկայացրած փաստարկները, կարող է իր որոշմամբ հանձնաժողովին սակագնի վերանայման առաջարկ ներկայացնել: Հանձնաժողովը կարող է վերանայել հայտը եւ բավարարել կամ չբավարարել այն:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG