Մատչելիության հղումներ

15 տարվա ընթացքում, ըստ Համաշխարհային բանկի, Հայաստանից հեռացել է շուրջ 635 հազար մարդ


«1989 թվականից մինչեւ 2004 թվականը Հայաստանը լքել է շուրջ 635 հազար մարդ», - պնդում են Համաշխարհային բանկի փորձագետները` հատուկ նշելով, որ այդ ցուցանիշի մոտ մեկ երրորդը արձանագրվել է 2000-ից 2003 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում:

1000 բնակչին բաժին ընկնող արտագաղթողների թվով Հայաստանը, պարզվում է, աշխարհի առաջատարներից մեկն է` զիջելով միայն Ճամայկային, Բոսնիային, Ալբանիային ու Սլովենիային: 1000 բնակչին, ըստ Համաշխահային բանկի փորձագետների, Հայաստանում 300 արտագաղթող է բաժին ընկնում: ԱՊՀ-ի երկրներից սա ամենաբարձր թիվն է, որ զգալիորեն գերազանցում է անգամ արտագաղթի առումով ռեկորդներ սահմանած Ղազախստանի ու Մոլդովայի ցուցանիշները: Բնակչության մաքուր կորուստը` տոկոսային ցուցանիշով, ըստ Համաշխարհային բանկի, Հայաստանում ավելի քան 18 տոկոս է կամ 635 հազար մարդ:

Բանկի փորձագետները հատուկ նշում են, որ դիտարկված բոլոր երկրների` այդ թվում Հայաստանի, դեպքում արտագաղթածների պաշտոնական թիվը ընդգրկում է միայն երկրից մշտապես հեռացած անձանց` անտեսելով կարճ ժամանակով հայրենիքը լքած քաղաքացիներին:

Այսպիսով, հիմնվելով Ազգային վիճակագրական ծառայության ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների վրա, Համաշխարհային բանկի մասնագետներն արձանագրում են. 1989 թվականին Հայաստանի բնակչությունը մոտ 3,5 միլիոն էր, այսօր` 3 միլիոն 212 հազար:

Միգրացիայի հասցրած կորուստները Հայաստանը կարողանում է լրացնել միայն բնական աճի` համեմատաբար բարվոք ցուցանիշի շնորհիվ (2004-ի տվյալներով` 11,O6 տոկոս): Համաշխարհային բանկի հաշվարկներով,15 տարվա ընթացքում`1989-ից մինչեւ 2004 թվականը, Հայաստանի Հանրապետությունում 399 հազար երեխա է ծնվել:

Բացի այդ, փորձագետները փորձել են պարզել, թե ուր են մեկնում Արեւելյան Եվրոպայի ու ԱՊՀ-ի պետությունների բնակիչները: «Ինչպես եւ մյուս հարավկովկովկասյան երկրների բնակիչները` հայաստանցիները հիմնականում ձգտում են դեպի Ռուսաստանի Դաշնություն», - համոզված են զեկույցի հեղինակները:

Պաշտոնական տվյալներով,1989-ից մինչեւ 2003 թվականը Հայաստանից միայն Ռուսաստան մշտական բնակության է տեղափոխվել 223 հազար մարդ:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG