Մատչելիության հղումներ

«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամը պայմանագիր կնքեց «Հայավտոճան»-ի հետ


«Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան»-ի («ՀՄՀ-Հայաստան») եւ Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինության («Հայավտոճան») միջեւ այսօր կնքվել է Իրականացման պայմանագիր, համաձայն որի, «ՀՄՀ-Հայաստան»-ը «Հայավտոճան»-ի միջոցով նախատեսում է իրականացնել Գյուղական ճանապարհների վերականգնման ծրագիրը:

«ՀՄՀ-Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի եւ «Հայավտոճան»-ի գլխավոր տնօրեն Կարեն Գեւորգյանի միջեւ ստորագրված պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով՝ 1 միլիոն 87 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով:

«Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ – Հայաստան»-ի մամլո ծառայության փոխանցմամբ, պայմանագրի շրջանակներում նախատեսվում է, որ «Հայավտոճան»-ը պետք է իրականացնի բոլոր այն գործառույթները, որոնք անհրաժեշտ են Գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի ժամանակին եւ հաջող իրականացման համար:

«ՀՄՀ-Հայաստան» ծրագրով, որի ընդհանուր արժեքն է 236 միլիոն ԱՄՆ դոլար, նախատեսվում է կրճատել գյուղական աղքատությունը` գյուղական ոլորտում տնտեսական ցուցանիշների կայուն եւ տեւական աճի ապահովման միջոցով:

Ծրագրով նախատեսվում է 67,1 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել շուրջ 943 կմ գյուղական ճանապարհների վերականգնման համար, որը կազմում է Հայաստանի առաջարկվող կենսական նշանակության ճանապարհային ցանցի ավելի քան մեկ երրորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG