Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 13-ը հունվարի)

«Հայաստանի իշխանություններն այսօր լրջագույն խնդրի առջեւ են կանգնած», - գրել է «Չորրորդ իշխանություն»-ը: - «Մի կողմից՝ պետք է ապահովել վերարտադրությունը, որպեսզի 2008 թվականին Սերժ Սարգսյանը դառնա նախագահ եւ դրանով իսկ ապահովի Քոչարյանի գերդաստանի բարեկեցիկ ապագան, մյուս կողմից՝ հասարակությունը վերջնականապես զզված է իշխանություններից եւ ոչ մի դեպքում հանցավոր կլանի լիդերներից մեկին մյուսով չի փոխարինի»: Այս պայմաններում, ըստ թերթի, Սերժ Սարգսյանին մի բան է մնում՝ «փորձել հասարակությանը համոզել, թե իբր Քոչարյանի իշխանության տարիներին Հայաստանն իսկապես մինչեւ ականջները թաղվել է կոռուպցիայի մեջ, բայց դա վերաբերել է բոլորին՝ բացի բանակից»:

«Ժամանակ Երեւան»-ը, նշելով, թե «Ռոբերտ Քոչարյանի վարչակազմը «Ժամանակ Երեւան» թերթի խմբագրին 3,5 տարվա ազատազրկման դատապարտեց», համեմատության համար մի քանի փաստ է հիշեցրել. - «Քոչարյանի թիկնապահ Կուկուն մարդ սպանելու համար դատապարտվեց մեկ տարի պայմանական ազատազրկման, «Տեցի կրուգի» «քաջարի» տղերքը մի քանի ամիս նստելուց հետո ազատվեցին դատարանի դահլիճից, երկու մարդ սպանելու պատվեր իջեցրած «Ֆառը» ընդամենը մեկ տարի նստելուց հետո «առողջական պատճառներով» ազատ արձակվեց կալանավայրերի հիվանդանոցից, Վանոյի դեմ ցուցմունք տված Վահան Հարությունյանը խոստովանեց բանդային ու սպանություններին իր մասնակցությունը, սակայն արժանացավ 6 տարվա ազատազրկման, իսկ դրա կեսից փոքր-֊ինչ ավելին նստելուց հետո հայտնվեց ազատության մեջ եւ մասնակցեց Քոչարյանի քարոզարշավին, Նոր Հաճընի մարդասպան քաղաքապետը դատապարտվեց նույնքան, ինչքան Արման Բաբաջանյանը՝ 3,5 տարվա ազատազրկման, եւ արդեն ազատության մեջ է»: «Շարքը կարելի է շարունակել», - ընդգծել է թերթը:

«Առավոտ»-ը գրել է. - «Ընդդիմադիր դաշտին առնչվող այս տարվա առաջին լուրերից մեկն այն էր, թե անցյալ տարվա վերջերին ձեւավորված «Անհնազանդության շարժում» նախաձեռնությունը լուծարվել է: Սակայն շարժման ակունքների մոտ կանգնած Կարապետ Ռուբինյանը ասաց, որ «Անհնազանդություն»-ը շարունակում է գործել ու «զինակիցների» իմաստով կորուստներ չունի: Ավելին, նրա փոխանցմամբ՝ ձյան հալվելուն պես կլինեն եւ հանրահավաքներ, եւ երթեր ու այլ միջոցառումներ»: Ի պատասխան այն հարցի, թե ավելի կոնկրետ ի՞նչ է նախատեսվում առաջիկայում՝ Կարապետ Ռուբինյանն ասել է. - «Ձերբակալվելու են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու իրենց ստեղծած բռնապետության մնացած հենասյուները»:

«Լավատեղյակ աղբյուրներից» «Հայք»-ին հայտնի է դարձել, որ Արագածոտնի դաշնակցական մարզպետ Գաբրիել Գյոզալյանն այս օրերին իր մոտ է հրավիրում մարզի գյուղական համայնքների ղեկավարներին ու նրանց կարգադրում առաջիկայում աշխատել Դաշնակցության օգտին: Ըստ թերթի, նա պահանջում է, որ գյուղապետները Ազգային ժողովի ընտրություններին իրենց համայնքներում Դաշնակցության օգտին ապահովեն ամենաքիչը 30 տոկոս ձայն: «Գյուղապետների հետ նման «բացատրական աշխատանք» է տանում նաեւ Արագածոտնի հանրապետական փոխմարզպետ Սարգիս Սահակյանը: Վերջինս առաջարկում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի միջոցով լուծել գյուղի կամ բուժամբուլատորիաների, կամ ջրամատակարարման, կամ գազաֆիկացման խնդիրը: Փոխարենը փոխմարզպետը նրանցից պահանջում է, որ Հանրապետական կուսակցությունը տվյալ համայնքում ստանա ամենաքիչը 50 տոկոս ձայն», - գրել է «Հայք»-ը:

«Հայկական ժամանակ»-ը, վկայակոչելով Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան իր աղբյուրները, գրել է, թե այդ երկրում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը, որը Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահն էր, «աջուձախ ավտոմեքենաների պետհամարանիշներ է բաժանում»: «Խոսքը վերաբերում է դիվանագիտական կարմիր պետհամարանիշներին», - պարզաբանել է թերթը եւ հավելել. - «Դեսպանը, ամենայն հավանականությամբ, որոշել է գրեֆ անել իր ուկրաինական ախպերությանը»:

«168 ժամ» թերթը մեջբերումներ է արել «Փրեսինգ» ակումբում կայացած երկխոսություններից: Տիգրան Կարապետյան ֊- Շավարշ Քոչարյան. - «Տիգրան Կարապետյան. -֊ Ես ժողովրդին միայն չեմ ուղարկում Սեւան, այլ հետները գնում եմ: Գնում եմ եկեղեցի եւ սառում եմ, որովհետեւ ցուրտ է, պատուհաններ չկան: Մրսում եմ ու սկսում եմ հազալ: Շավարշ Քոչարյան. -֊ Իսկ այդ մարդիկ չե՞ն մրսում: Տիգրան Կարապետյան.֊ - Մրսում են հաճույքով»: Համլետ Հարությունյան ֊- Խորեն Սարգսյան. - «Համլետ Հարությունյան. ֊- Ի՞նչ եք կարծում, եթե Արթուր Բաղդասարյանը երկրի նախագահ դառնա, Ղարաբաղի համար որեւէ պատասխանատվությո՞ւն է կրելու: Խորեն Սարգսյան. -֊ Ինչի Հայաստանի համար կրելո՞ւ է»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG