Մատչելիության հղումներ

Արմեն Ռուստամյան. «Մենք չենք պատրաստվում դառնալ 5-րդ շարասյուն»


Իշխող կոալիցիայի քաղաքական ուժերից Հայ Հեղափոխական Դաշնակցությունը գալիք խորհրդարանական ընտրություններից հետո որոշակի պայմանների դեպքում չի մասնակցի ապագա կառավարության ձեւավորմանը, չի բացառվում նաեւ ընդդիմադիր դաշտ անցնելը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:

«Երկու պայման կա, որի դեպքում Դաշնակցությունը չի մասնակցի կառավարության ձեւավորմանը. առաջին, եթե Դաշնակցությունը գնահատի եւ պարզ դառնա, որ այդ ընտրությունների արդյունքները չեն ճանաչվելու միջազգային ատյանների կողմից: Երկրորդ, մենք չենք կարող մաս կազմել կառավարությանը` ունենալով այնքան քանակի պատգամավորներ, որը հնարավորությունը չի տա կառավարության մեջ լինելով ազդել որոշումների ընդունման վրա», - ասաց Ռուստամյանը` բերելով հետեւյալ օրինակը. - «Եթե երկու քաղաքական ուժ արդեն առանց մեզ էլ կոալիցիա կարող են ձեւավորել, մենք չենք դառնա երրորդը... Այսինքն` մենք չենք պատրաստվում դառնալ 5-րդ շարասյուն որեւէ կառավարության մեջ»:

Հարցին, թե ընտրությունների ընթացքում բազմաթիվ կեղծիքների դեպքում Դաշնակցությունը փողոց դուրս կգա՞, ՀՅԴ ղեկավար անդամը պատասխանեց. - «Եթե կեղծված լինեն ընտրությունները, դա կնշանակի, որ, բնական է, ընդդիմություն ենք դառնում: Ընդդիմություն դառնալով` համապատասխան մարտավարություն ես մշակում: Այդ ժամանակ մենք պետք է օգտագործենք բոլոր քաղաքական միջոցները մեր ընդդիմադիր կեցվածքով ազդելու հետագա ընթացքի վրա, որովհետեւ մյուս ընտրությունը [նախագահական] շատ արագ հաջորդում է Ազգային ժողովի ընտրություններին: Եվ այդտեղ շատ լուրջ մեծ շանս կա քաղաքակիրթ ձեւով շտկելու ամբողջ եղած թերությունները»:

Ռուստամյանի ենթադրությամբ, ապագա քաղաքական կոալիցիան պիտի ձեւավորեն առաջին-֊երկրորդ տեղերը զբաղեցնող ուժերը՝ երրորդն ավելորդ է: Հարցին, թե իրեն առաջին-֊երկրորդ տեղերում տեսնու՞մ է Դաշնակցությանը, նա արձագանքեց. - «Կարծում եմ, որ Դաշնակցությունը կարող է այդտեղ տեղ ունենալ, ինչո՞ւ ոչ... Նվազագույնը այն է, որ մենք պետք է մեր եղած ցուցանիշը [11 մանդատ] պահպանենք: Առավելագույնը` որքան հնարավոր է»:

Ռուստամյանը ասաց նաեւ, որ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է ՀՅԴ ղեկավարությունը` հավելելով, որ հերթականությունը ճշտված չէ:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG