Մատչելիության հղումներ

Ապարանում հարյուրից ավելի մարդ թունավորվել է խմելու ջրից


Հունվարի 10-ին Ապարան քաղաքում 106 մարդ է թունավորվել խմելու ջրից: Թունավորվածներից 26-ը մինչեւ այսօր գտնվում են քաղաքի հիվանդանոցում, մյուսները բուժօգնություն են ստացել տնային պայմաններում: Տուժածներից 16-ի մոտ բժիշկները հայտնաբերել են դիզենտերիայի բացիլ:

Ըստ նախնական վարկածի, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ապարանից ընտրված Ազգային ժողովի պատգամավոր Լյովա Խաչատրյանը, խմելու ջրին խառնվել է կոյուղու վնասված խողովակի արտահոսքը:

Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին նաեւ տեղեկացրեց, որ այսօր Ապարանի քաղաքապետարանում անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն:

«Խորհրդակցությունը անցկացնում էր տարածքային կառավարման նախարարը: Ներկա էին առողջապահության նախարարը, հանրապետության գլխավոր սանիտարական բժիշկը, ֆրանսիացիները` ջրերի հարկահավաքները», - ասաց Խաչատրյանը` հավելելով, որ, իր կարծիքով, մարդկանց թունավորման պատճառը ջրային համակարգի վիճակն է (որի պատաստախանատուն «Հայջրմուղկոյուղի» ընկերության հավատարմագրային կառավարիչ, ֆրանսիական «Սուար» ընկերությունն է). - «Անալիզները ցույց են տալիս, որ, հավանաբար, կոյուղի է խառնվել [խմելու ջրին]»:

Հարցին, թե ինչու է օպերատիվ խորհրդակցությունն անցկացվում թունավորման դեպքից միայն երեք օր անց, պատգամավորը արձագանքեց. - «Հիմա միջոցառումներ մշակեցինք` հետագայում նման դեպքերը չկրկնվելու համար»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG