Մատչելիության հղումներ

Ամերիկահայ կազմակերպությունները մեկնաբանում են սենատոր Մենենդեսի քայլը


Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ակնկալում է, որ Սպիտակ տունը եւ պետդեպարտամենտը կվերանայեն իրենց որոշումը եւ նոր թեկնածու կառաջադրեն Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում: Այս մասին ասաց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի մամուլի հետ կապերի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում մեկնաբանելով Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Ջորջ Բուշի կողմից վերաառաջադրված Ռիչարդ Հոգլանդի թեկնածության արգելափակումը սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից:

«Մենք գտնում ենք, որ որեւէ թեկնածու չպետք է մերժի Հայոց ցեղասպանությունը, իսկ այս պարագայում Ռիչարդ Հոգլանդը ճիշտ այդ քայլն է արել: Կարեւոր է, որ ամերիկյան կառավարությունը ունենա դեսպան Հայաստանում: Եթե իրենք իրապես շահագրգռված են, որ պետք է ամերիկյան կառավարությունը լավ եւ արդյունավետ ներկայացուցիչ ունենա Հայաստանում, ապա պետք է նոր թեկնածու դրվի, որը անհրաժեշտ գործընթացը կանցնի եւ կնշանակվի», - ընդգծեց Էլիզաբեթ Չուլջյանը:

Նույն խնդրի առնչությամբ Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին ասաց. - «Համագումարը եւս ԱՄՆ-ի վարչակազմի հետ ունի հիմնարար տարաձայնություններ: Սակայն, ընդունելով ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների կարեւորությունը եւ այն փաստը, որ Հայաստանի կառավարությունը համաձայնել է Հոգլանդի առաջադրմանը, Համագումարը գտնում է, որ ավելի կարեւոր է Հայաստանում ունենալ ԱՄՆ-ի դեսպան, քան ոչ»:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հարցին, ապա, Բրայան Արդունիի խոսքերով, «հետադարձ հայացք ձգելով կարելի է ասել, որ ԱՄՆ-ի որեւէ դեսպան լսումների ընթացքում ցեղասպանությունը չի ճանաչել»:

«Հոգլանդը ակնհայտորեն արտահայտում է նախագահի քաղաքական գիծը: Սակայն ի տարբերություն Թուրքիայի՝ այս վարչակազմը հստակ հայտարարել է, որ չի ժխտում Հայոց ցեղասպանությունը, եւ մենք չենք կարծում, թե պարոն Հոգլանդը ցեղասպանությունն ուրացող է», - հայտարարեց Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրենը:

Սեպտեմբեր ամսից ի վեր Մենենդեսը երկրորդ անգամ է արգելափակում Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը: «Նկատի ունենալով պարոն Հոգլանդի թեկնածության շուրջ ծագած հանգամանքները եւ հակասությունները, ես գտնում եմ, որ այս հարցը լուծելու լավագույն ուղին նախագահի համար այս դեսպանի պաշտոնում նոր թեկնածու առաջադրելն է», - մասնավորապես ասված է սենատորի հունվարի 11-ին հայտարարությունում:

Մենենդեսի կարծիքով, պետդեպարտամենտը եւ Բուշի վարչակազմը շատ սխալվում են, երբ հրաժարվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG