Մատչելիության հղումներ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեղադրում է Հայաստանի իշխանություններին


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հինգշաբթի օրը հրապարակեց Հայաստանից ներկայացված հայցով իր առաջին վճիռը, ըստ որի Հայաստանում խախտվել է հայցվորի` Արմեն Մկրտչյանի, խաղաղ հավաքներ անցկացնելու ազատության իրավունքը:

Հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր ներկայացրել 2002 թվականի մայիսին Երեւանում բողոքի ցույցից հետո վարչական տույժի ենթարկված ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ, այժմ «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «միաձայն որոշել է, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածը, համաձայն որի յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության իրավունք»:

2002 թվականի մայիսի 14-ին «Հանրապետություն» կուսակցությունը եւ մի շարք այլ քաղաքական ուժեր Երեւանի Ազատության հրապարակում արտոնված ցույց էին կազմակերպել: Նույն օրը երեկոյան «Հանրապետություն» կուսակցության երիտասարդական թեւի մի քանի անդամներ ձերբակալվել էին, եւ նրանց ազատ արձակելու նպատակով Արմեն Մկրտչյանը, որպես կազմակերպիչ, գնացել էր Արաբկիրի ոստիկանական բաժանմունք եւ նույնպես ձերբակալվել էր: Այնուհետեւ չարտոնված երթի մասնակցելու մեղադրանքով առաջին ատյանի դատարանը Մկրտչյանին վարչական տույժի էր ենթարկել` տուգանելով 500 դրամի չափով: Վերաքննիչ դատարանը առաջին ատյանի որոշումն անփոփոխ էր թողել, իսկ Վճռաբեկն ընդհանրապես հրաժարվել էր գործը քննել, ինչից հետո ընդդիմադիր կուսակցության ղեկավար անդամը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Եվրոպական դատարանը իր որոշման մեջ նշում է, որ դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտման ճանաչումը «իր մեջ արդեն պարունակում է բավարար արդար հատուցում դիմողին հասցված ոչ նյութական վնասի դիմաց»:

Արմեն Մկրտչյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք դատարանի վճիռը ենթադրում է նաեւ նյութական կամ բարոյական վնասի փոխհատուցում, պատասխանեց. - «Մենք չենք ներկայացրել որեւէ նյութական փոխհատուցման պահանջ` միայն բարոյական վնասի փոխհատուցման պահանջ: Եվրոպական դատարանը գտել է, որ ինքնին այդ դատավճիռը բարոյական վնասի համարժեք հատուցում է»:

Փաստաբանի խոսքերով, պետությունը պետք է իր վրա պարտականություն վերցնի վերացնել թույլ տված խախտումները: «Այսինքն», - պարզաբանեց նա, - «պետք է վերացվեն այն որոշումները, որոնցով այդ ժամանակահատվածում վարչական պատասխանատվության էին ենթարկվել այլ անձինք: Նրանք իրավունք ունեն դիմել Վճռաբեկ դատարան եւ վերացնել իրենց նկատմամբ կայացված այդ որոշումները»:

Հայաստանի կառավարությունը, ի պատասխան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հարցման, պնդել է, որ ցույցերի եւ փողոցային երթերի կազմակերպման եւ անցկացման կարգը սահմանված է եղել օրենքով, որն ընդունվել է 1988-ին եւ իր ուժը պահպանել 1995 թվականի Սահմանադրության ընդունումից հետո: Այս մասով Եվրոպական դատարանը նշում է, որ չի եղել որեւէ իրավական մեխանիզմ, որ կնշեր, թե արդյոք փլուզված Խորհրդային Միության օրենքները գործո՞ւմ են Հայաստանի Հանրապետության տարածքում: Եվրոպական դատարանը միաժամանակ նշում է, որ Հայաստանի կառավությունը չի կարողացել Եվրոպական դատարանին ներկայացնել դատական որեւէ որոշում, որը կհստակեցներ այդ հարցը կամ կպարունակեր հղում նախկին խորհրդային օրենսդրությանը. - «Տեղի դատարանները չկարողացան նաեւ ներկայացնել որեւէ իրավական ակտ, որը սահմանում է այն կանոնները, որոնք հայցվորը խախտել էր»:

Դատարանը նաեւ նշում է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում չի եղել համապատասխան որեւէ օրենսդրական ակտ, որ սահմաներ ցույցերի եւ երթերի անցկացման կարգը. այդ օրենքը ընդունվել է միայն 2004 թվականի ապրիլին. - «Դատարանը ընդունում է, որ երկրին, իհարկե, որոշակի ժամանակ էր պահանջվում օրենսդրական դաշտը ձեւավորելու համար, բայց նաեւ արդարացված չի համարում ավելի քան 13 տարի օրենքի ընդունման ձգձգումը»:

Ինքը՝ Արմեն Մկրտչյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ լիովին բավարարված է դատարանի որոշմամբ:

«Դիմումիս հիմնական նպատակը հետեւյալն էր. այսօրվա դատավորներին, իշխանություններին ցույց տալ, որ եթե մտել եք Եվրախորհուրդ, իմացեք, որ դա պարտավորություն է, այստեղ ձեր գործերը կարգավորեք: Կարծես ես ճանապարհը բացեցի, եւ դա զգոնություն տվեց մեր իշխանավորներին` արդարադատության նախարարությանը, կառավարությանը, որ իրենք արդեն միջոցներ ձեռնարկեն»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG