Մատչելիության հղումներ

«Հայաստանի կառավարությունը քիչ ջանք է գործադրել մարդու իրավունքների խախտումները կանխելու համար»


«2006 թվականի ընթացքում Հայաստանի կառավարությունը քիչ ջանք է գործադրել` մարդու իրավունքների էական խախտումները կանխելու ուղղությամբ», - այսօր հրապարակված զեկույցում արձանագրել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

Զեկույցի հեղինակները փաստում են, որ «մամուլի ազատության սպառնալիքները շարունակվել են, ավելացել է բռնությունների ու ճնշումների ենթարկված լրագրողների թիվը, էլեկտրոնային լրատվամիջոցները դեռ իշխանությունների հսկողության տակ են եւ աչքի են ընկնում բազմակարծության պակասով:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի, ինչպես նաեւ Հանրային հեռուստառադիոխորհրդի բոլոր անդամները նշանակվում են երկրի նախագահի կողմից», - փաստել են միջազգային կազմակերպության փորձագետները եւ հավելել. - «Իշխանության վերահսկողության պատճառով Հանրային հեռուստատեսությունը բավարար չափով անկախ չէ` իրադարձությունները անաչառ եւ բազմակողմանի լուսաբանելու համար»:

Չնայած այն փաստին, որ «Ա1+»-ը արդեն 4 տարի է, ինչ եթերում չէ, իրավապաշտպանները շարունակում են մեծ ուշադրությամբ հետեւել հեռուստաընկերության պատմությանը եւ փաստում, որ անցած տարվա ընթացքում «Ա1+»-ը երկու անգամ դիմել է հեռարձակման արտոնագիր ստանալու համար եւ երկու անգամն էլ մերժվել է:

Lրագրողների դեմ իրականացված բռնությունների թվում միջազգային կազմակերպությունը մատնանշում է Վանաձորի «Lոռի» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Նարինե Ավետիսյանի ու «Չորրորդ իշխանության» լրագրող Գագիկ Շամշյանի դեմ հարձակումները, «Իրավունք»-֊ի խմբագրի ծեծն ու «Ժամանակ- Երեւան»-֊ի խմբագրի ազատազրկումը: Նշված բոլոր դեպքերում, ըստ փորձագետների, լրագրողները բռնության են ենթարկվել իրենց մասնագիտական գործունեության պատճառով:

«Շարունակվում են բռնությունները նաեւ կալանավայրերում, բանակում եւ ոստիկանության բաժանմունքներում», - գրում են զեկույցի հեղինակները: Մայիսի 30-ին ցմահ բանտարկության դատապարտված երեք զինվորներից մեկին, ըստ զեկույցի, քննիչները ծեծել են եւ ցուցմունքները կորզել բռնաբարության սպառնալիքի տակ:

Հատուկ կետով փորձագետներն անդրադարձել են նաեւ սեփականության իրավունքի ոտնահարման դեպքերին: «Անցած 2 տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը ստիպեց հարյուրավոր երեւանցիների լքել իրենց տները` դրա դիմաց վճարելով շուկայականից ցածր գին: Ու թեեւ Սահմանադրական դատարանն այս գործընթացը անօրինական որակեց, կառավարությունը, այդուհանդերձ, չվերանայեց սեփականության դիմաց քաղաքացիներին տրամադրված փոխհատուցման չափը», - գրում են միջազգային կազմակերպության իրավապաշտպանները:

Զեկույցում հիշատակվում է նաեւ Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպանի պաշտոնանկության փաստը: «Այն բանից հետո, երբ առաջին օմբուդսմենի գրասենյակը հանդես եկավ կառավարության աշխատանքը քննադատող զեկույցով, նախագահի եւ Lարիսա Ալավերդյանի հարաբերությունները սրվեցին, եւ 2006-ի հունվարին Ռոբերտ Քոչարյանը պաշոտնանկ արեց Lարիսա Ալավերդյանին: Քայլ, որը կասկածի տակ է առնում Հայաստանի իշխանությունների ստանձնած պարտավորությունը անկախ օմբուդսմենի ինստիտուտ ունենալու վերաբերյալ», - փաստում է Human Rights Watch-ի տարեկան զեկույցը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG