Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Չեն ուզում պաշտոն» խորագրի ներքո «Հայկական ժամանակ»-ը, վկայակոչելով իր լավատեղյակ աղբյուրները, գրում է, թե քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանը հրաժարական է տալու՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար: Ըստ թերթի, ծրագրվում է, որ 2007 թվականի ընտրություններից հետո Մուկուչյանը կզբաղեցնի արդարադատության նախարարի պաշտոնը: «Լուրեր կան նաեւ, որ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանն էլ առաջիկայում հրաժարական է տալու՝ ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկվելու համար. ասում են՝ նրան էլ խոստացվել է պաշտպանության նախարարի պաշտոնը, եթե ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ», - գրում է թերթը՝ հավելելով. - «Եվ չնայած Աղաբեկյանն ասում է, որ այս պահին չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն նշված սցենարը շատ հավանական է համարվում»:

«Ինչքան շատ բաժանեն, այնքան լավ» խորագրի ներքո «Առավոտ»-ը գրում է. - «Կոմունիստ Խորեն Սարգսյանը վստահ է, որ ինչքան իշխանամետ կուսակցությունները կարտոֆիլ, թել կամ այլ բաներ բաժանեն ընտրողներին, այնքան կշահի ինքը՝ Խորեն Սարգսյանը, քանի որ ընտրակաշառք վերցնողները եւ կվերցնեն, եւ կընտրեն նրան, ում իրենք կուզեն»:

«Հայկական ժամանակ»-ը «Նամակ ալամ աշխարհին» խորագրի ներքո փոխանցում է, որ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը նամակով դիմել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի խորհրդարանների պատգամավորներին: «Նոր Ժամանակներ»-ի նախագահը, տեղեկացնելով, որ Հայաստանում հնարավոր են անկանխատեսելի իրադարձություններ, ինչի համար պատասխանատու են երկրի իշխանությունները, ակնկալում է «միջազգային կառույցների արդար դիրքորոշումը»:

Վկայակոչելով իր լավատեղյակ աղբյուրները՝ «Հայկական ժամանակ»-ը պնդել է, թե Արկադի Ղուկասյանը մտադիր է երրորդ անգամ առաջադրվել Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնում, թեեւ «նախկինում մի քանի անգամ հայտարարել էր, թե նման մտադրություն չունի, քանի որ դա հակասում է Ղարաբաղի շահերին: Ավելին, Ղուկասյանը, «կպնողական» ակնարկներ էր արել բոլոր նրանց հասցեին, ովքեր ասում էին, որ Լեռնային Ղարաբաղի սահմանադրության հապճեպ ընդունման նպատակը իր երրորդ նախագահությունը լեգիտիմացնելն է։ «Բայց հիմա պարզվում է, ու կարծում ենք` առաջիկայում էլ պաշտոնապես կպարզվի, որ Ղարաբաղի գործող նախագահը այնքան էլ լավ չի գիտակցում իր ղեկավարած երկրի շահը եւ այնքան էլ պարկեշտ մարդ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Սա է պատճառը, որ համահայկական տարբեր ծագերից ծլվլոցներ են լսվում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի շահը պահանջում է, որ Ղուկասյանը նախագահ մնա նաեւ երրորդ ժամկետով», - որակել-ամփոփել է «Հայկական ժամանակ»-ը:

Նկատի առնելով ընտրություններին ընդառաջ լայն թափ առնող կուսակցական գրասենյակաշինության գործընթացը, «Հայք» պարբերականն այսօր գնահատել է. - «Նրանք իրենց ցուցանակներն են փակցնում կիսաքանդ նկուղների, շքեղաշուք շինությունների, անավարտ կամ ավարտուն օբյեկտների, գրադարանների, ակումբների, գոմերի, սրճարան-խանութների, կինոթատրոնների կամ սատանան գիտի, թե էլ ինչերի մուտքերին ու պատերին»։ «Նրանք դա անում են այն տրամաբանությամբ, որ որքան շատ լինեն իրենց գրասենյակները, այնքան շատ են լինելու իրենց բաժին ձայները», - հեգնել-եզրակացրել է թերթի խմբագրականը։

Գնահատելով առաջիկա ընտրություններում ներքաղաքական հնարավոր խմորումները` «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը զուգահեռել է. - «Եթե Ազգային ժողովի ընտրություններում ընդդիմությանը չհաջողվի գոնե հիմնավորապես «պատին սեղմել» իշխանությանը, ապա 2008-ին նրա հավակնոտ լիդերներն ընդհանրապես անելիք չեն ունենալու՝ անկախ նրանից 2003-ի նման «կքցե՞ն» միմյանց, թե՞ ոչ: Ուրեմն՝ ուզի՞ դա որեւէ մեկը, թե՞ ոչ, ընդդիմությունն այս անգամ դատապարտված է միավորման եւ նույն տրամաբանությամբ էլ` կցանկանա՞ն իշխանամետ հիմնական ուժերի առաջնորդները, թե՞ ոչ, իշխանությունը եւս հանդես է գալու որպես հստակորեն մեկ քաղաքական բեւեռ»։

«Որքա՞ն գումար է անհրաժեշտ այս տարի պատգամավոր դառնալու համար» հարցին պատասխանելով` «Ժամանակ-Երեւան» թերթի մեկնաբանն այսօր հաշվարկել-համեմատել է.- «Այդ թիվը, եթե 2003 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ տատանվում էր 100 հազարից մինչեւ 150 հազար դոլարի սահմաններում, ապա այժմ տասնապատկվել ու հասել է 1 միլիոն դոլարի։ Թե որ կուսակցության համամասնական ցուցակով դա տեղի կունենա, պատգամավոր դառնալու ցանկություն ունեցող մեր գործարարներին դա առանձնապես չի էլ հետաքրքրում»։

«Ազգ» թերթը, այսօր փոխանցելով թուրքական «Միլիեթ» թերթի հրապարկումն այն մասին, որ ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սանտա Կլարա բնակավայրի հայերը հիմնում են բացառապես հայերի բնակության համար նախատեսված քաղաք, մանրամասնել է. - «Հիմնադրվող քաղաքը կոչվելու է Armenian Town: Նա բացի բնակավայրերից ու զբոսայգիներից ունենալու է մշակույթի եւ առեւտրի կենտրոններ, ինչպես նաեւ եկեղեցի»: Ըստ հրապարակման, քաղաքի առաջին շենքը «կառուցման ընթացքի մեջ է»: Քաղաքը կառուցվում է ժամանակին լքված այն վայրում, որտեղ բնակություն են հաստատել ԱՄՆ գաղթած առաջին հայերը. - «Հայկական քաղաքի հիմնադրման նախագիծը, վերոհիշյալ աղբյուրի վկայությամբ, արժանացել է Կալիֆոռնիայի հայերի համընդհանուր աջակցությանը, իսկ ոչ հայերը կառուցումը կասեցնելու հարցով դիմել են դատարան: Կողմերը հույս ունեն, որ հունվարի վերջին նշանակված դատական նիստը կհանգեցնի տարաձայնությունների հարթեցմանը»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG